Ստեփանակերտում հերթական անգամ մեծ շուքով նշվել է Բերքի տոնը
15/10/2018
Ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր հոկտեմբերի երկրորդ կիրակիին Արցախում նշվում է ավանդական դարձած Բերքի տոնը, որը համընկնում է գյուղատնտեսության աշխատողի օրվան:
Գյուղատնտեսական տարվա գլխավոր ստուգատեսին մայրաքաղաքի Վերածննդի հրապարակը վերածվում է հսկայական տոնավաճառի, որն ուղեկցվում է բոլոր շրջանների կողմից մատուցվող մշակութային միջոցառումներով:
Առայսօր ամեն տարի կազմակերպվող միջոցառումներից յուրաքանչյուրը նախորդից տարբերվել է ավելի մեծ ծավալներով և մասնակիցների քանակով: Սակայն Հոկտեմբերի 14-ին կազմակերպված հերթական միջոցառումը բոլոր առումներով աննախադեպ էր. 525 տաղավար, մոտ 1400 մասնակից, որոնք ներկայացնում էին հանրապետության ավելի քան 170 համայնքները: Մասնակիցներ կային նաև ՀՀ մարզերից ու Երևանից: Կատարվել է ավելի քան մեկ միլիարդ դրամի առևտուր, ինչը նույնպես աննախադեպ ցուցանիշ է: Ամենահամեստ հաշվարկներով՝ եղել է մոտ քառասուն հազար այցելու:
Բերքի տոնը, նրանում ներկայացված բերքն ու բարիքը, հողի աշխատավորին ու Արցախ աշխարհն է օրհնել ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի, գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի և պաշտոնատար այլ անձանց հետ տոնավաճառ այցելեց և տաղավարներին ծանոթացավ հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Ինչպես ամեն տարի, մի շարք անվանակարգերով տրվել են մրցանակներ. լավագույն վերամշակող է ճանաչվել «Տրիումֆ գրուպ» ՍՊԸ-ն, լավագույն մշակութային ներկայացման համար մրցանակը բաժին է հասել Շուշիի շրջանին, լավագույն շրջան է ճանաչվել Քաշաթաղի շրջանը, լավագույն գործընկեր՝ «Իջևանի գինու գործարան» ՓԲԸ-ն: Ամենամատչելի գների համար մրցանակների են արժանացել Ասկերան, Մարտակերտի շրջանի Վարդաձոր և Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքները ներկայացնող տաղավարները:
Նախարար Ժիրայր Միրզոյանի որոշմամբ ստեղծված նոր՝ «Օրինակելի համայնք» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքը, որն առանձնացել է կոկիկությամբ, մաքրությամբ և սպասարկման բարձր մշակույթով: