|
Հողագործության նոր տեխնոլոգիա
02/02/2016 Անվար մշակության տեխնոլոգիան 100 տարվա պատմություն ունի
Մեխանիկական մշակումը հանդիսանում է մարդու կողմից հողի վրա ազդեցության կարևոր գործոններից մեկը՝ նրա գյուղատնտեսական յուրացման գործընթացում: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում է Կ.Պ.Գորաենինը (1970), ագրոտեխնիկական միջոցառումները, ներառյալ նաև մեխանիկական մշակումը, յուրացվել են փորձով, իսկ հետագայում առաջացած տեսությունը հիմնականում օգտագործվել է նրանց հիմնավորման համար: Մեխանիկական մշակումը խոպան հողերի յուրացման գործնթացի ամենակարևոր ու անբաժան բաղադրիչն է, որը նպաստում է հողի վերին շերտի քայքայմանը և բնական բուսականության ոչնչացմանը: Խոպանի յուրացման սկզբնական փուլում, ինչպես նշում է Վ.Ա. Կովդան (1973), մեխանիկական մշակումը ունեցել է բացառապես մելորատիվ դերակատարություն: Հետագայում մեխանիկական մշակման առավել արդյունավետ հնարքների փնտրունքը գլխավորապես որոշվել է մի կողմից նրա խորությամբ և պարբերականությամբ, մյուս կողմից` խորը հերկով և մակերեսային մշակմամբ: Չենք կարող չնշել, որ Դ.Ս.Մենդելեևը (1856), ինչպես նաև՝ Պ.Ա.Կոստըչևը (1884,1886), հողի բերրիությունը չեն կապել նրա մշակման ժամանակ հողի հիմնաշրջման հնարքի հետ: Նվազագույն մշակության ուշադրության արժանի առաջին հիմնավորումը պատկանում է Ա.Ե.Օվսինսկուն (1899), որը մշակել է հողի մակերեսային մշակման և ժապավենային ցանքսի համակարգ և այն անվանել Հողագործության նոր համակարգ: Ա.Ե.Օվսինսկին, մասնավորապես գտնում էր, որ վարով խախտվում են հաղորդակցության ուղիները, որոնք ստեղծվել են մահացած արմատներով ու անձրևորդերի միջոցով, որոնցով հողի մեջ թափանցում են օդը և խոնավությունը: Մակերեսային մշակմամբ, հողի վերին օրգանական նյութերով հարուստ շերտը չի առաջացնում պինդ կեղև և պաշտպանում է ներքևի շերտը չորացումից: Երկար տարիների փորձի հիման վրա նա եկել է այն եզրակացության, որ, ի տարբերություն մակերեսային մշակման, գութանով հողի հերկումը և նրա վերին շերտի շրջումը առի հատակը բույսերի սնման համար զգալի չափով անբարենպաստ պայմաններ է ստեղծում՝ համեմատած մակերեսային մշակման հետ: Հետագայում մակերեսային մշակման մի շարք հաջող փորձեր են իրականացվել Ֆրանսիայում (Ալֆրեդ դե Պոնսեն՝ 1922),Գերմանիայում (Ախենբախ՝ 1921), Անգլիայում (Ռասել և Քին՝ 1938), Ամերիկայում (Փիլեյ Ռասել՝ 1942): Իսկ ահա 20-րդ դարի 40-ական թվականներին Էդ. Ֆոլկների կողմից իրականացված դաշտային փորձերը հողի խորը մշակման քննադատական մոտեցումների սկիզբ հանդիսացան, նախ՝ ԱՄՆ-ում, այնուհետև՝ աշխարհի մյուս երկրներում: Տարեցտարի գյուղատնտեսությանը հզոր հողավերամշակման տեխնիկայով հագեցնելը հնարավորություն տվեց Տ.Ս.Մալցևին (1956) ստեղծելու հողի մշակման համակարգ՝ հիմնված խոր առանց առի շրջման և մակերեսային մշակման հերթափոխի վրա: Հողմային էրոզիայից հողը պաշտպանելու նպատակով չորային շրջաններում Բարաևի կողմից(1976) մշակվեց հողապաշտպան և խոնավապահպան մշակման համակարգ, որը հիմնված է հարթակտրիչների օգտագործման վրա՝ գործնականում բացառելով գութանների միջոցով հողի հիմնաշրջումը: 20-րդ դարի երկրորդ կեսից համաշխարհային հողագործության մեջ նկատվում է կտրուկ շրջադարձ՝ հողի բազմաթիվ և հիմնարար մշակությունից դեպի մշակման գործողությունների հնարավոր կրճատում: Տարածվեցին այսպես կոչված նվազագույն և զրոյական մշակումների գաղափարները, որոնց նպատակը առաջին հերթին ուղղված է հողի վրա վնասակար՝ արտաքին միջամտության հնարավոր նվազեցմանը և անարտադրողական նյութական ծախսերի կրճատմանը: Առի շրջմամբ խոր վարի սկզբունքը ագրոնոմիական հողագիտության տեսանկյունից իր օգտին ինչ-որ չափի ծանրակշիռ հիմնավորում չունի և չի կարող հանդիսանալ ինտենսիվ հողագործության բաղադրիչ: Վերջին տասնամյակների հողագործության փորձը ևս շատ ուժեղ ցնցեց նախկինում անսասան համարվող այդ սկզբունքի հիմքերը: Հողի նվազագույն մշակությունը, շնորհիվ բուսական մնացորդների և օրգանական պարարտանյութերի միջոցով վերին շերտի առավելագույն հարստացման հնարավորության, ավելի լայն տարածում է ստանում բոլոր երկրներում և տարբեր աշխարհամասերում: Մակերեսային բուսամնացորդային ծածկույթով մշակությունը գործնականում իրեն շատ դրական է երաշխավորել աշխարհի բոլոր՝ թեքություններ ունեցող տարածքներում, որոնց տեսակարար կշիռը շատ մեծ է համաշխարհային գյուղատնտեսության արտադրության հաշվեկշռում: Հողի մշակման համակարգում առաջնային խնդիր է համարվում գործողությունների կրճատման ուղիների որոնումը՝ առանց մշակաբույսերի բերքատվության նվազեցման: Հողի մակերեսային մշակության տեխնոլոգիան ավելի քան 100 տարվա պատմություն ունի:Հողագործության նոր համակարգը Արցախում ներդրվելու համար մասնագիտական, տեխնիկական տեխնոլոգիական և ֆինանսական աջակցության կարիք ունի: Արցախի հովտային շրջաններում տեղակայված հողերը լրիվությամբ համապատասխանում են նվազագույն մշակության պահանջներին: Ինչպես ցույց են տվել իմ բազմաթիվ տարիների կուտակած փորձը և ստացած արդյունքները, այդ տարածքներում առկա բնակլիմայական պայմաններն ու ռելիեֆային առանձնահատկությունները հնարավորություն են տալիս ինտենսիվ հողագործության պայմաններում անցնել մակերեսային անընդհատ մշակության տարբերակին, ամբողջովին բացառելով առի շրջմամբ խոր հերկը, որը հանդիսանում է ամենածանր ու ամենաանարտադրողական աշխատանքը գյուղատնտեսական բոլոր աշխատանքներում: Վաչե ԱԴԱՄՅԱՆ Գյուղատնտեսության մագիստր,տնտեսագետ |