ՆՌԵՆՈՒ ԷՏԸ
27/01/2020
Նռենին չոր մերձարևադարձային բույս է, ցրտադիմացկունությունը ցածր է, ցրտահարվում է -15-16°с ցրտերից։ Ունի թույլ աճեցողություն, սաղարթի բարձրությունը հասնում է 3-4մ-ի։
Պտղաբերում է միամյա ճյուղերի վրա։ Ունենում է երկու տիպի ծաղիկներ.
1. երկար վարսանդային ծաղիկներ, որոնք գոյանում են մեկ տարեկան ճյուղերի վրա և կազմակերպում են պտուղներ
2. կարճ վարսանդային ծաղիկներ, որոնք գոյանում են ընթացիկ տարվա աճերի վրա, բայց պտուղ չեն կազմակերպում։
Նռնենին սովորաբար անբուն կամ թփի և երբեմն միաբուն ծառի ձևով։ Թփանման ձևավորելու համար տնկման 1-ին տարում արմատակը վաղ գարնանը ուժեղ կարճացնում են այնպես, որ նրա հիմքից առաջանան մեծ թվով ճյուղավորումներ։ Ամառվա ընթացքում հողի մակերեսից 12-15սմ բարձրության վրա այդ ճյուղավորումներից ընտրում են 3-5 լավ զարգացած ճյուղերը, իսկ մնացածը հիմքից հեռացնում են։ Թողած ճյուղերից հետագայում ընտրում են 3-4-5 լավ զարգացած ճյուղերը, որից առաջանում են 1-ին կարգի կմաղքային ճյուղերը։ Միաբուն ծառանման սիստեմով ձևավորելու համար տնկման 1-ին տարում արմատակալ տնկենին կարճացնում են հողի մակերեսից 60-70 սմ բարձրությամբ, որից 30-40 սմ թողնում են որպես բուն, իսկ բնից վերև 30-40 սմ հեռավորության վրա ստեղծում են 4-5 հատ, մեկը մյուսից 8-10 սմ հեռավորության վրա գտնվող 1-ին կարգի կմաղքային ճյուղեր։ Հետագա 2-3 տարիների ընթացքում ինչպես թփանման, այնպես էլ ծառանման սիստեմներով ձևավորելու ժամանակ ստեղծած 1-ին կարգի կմաղքային ճյուղերը քիչ կարճացնում են՝ դրանց վրա 1-2հատ 2-րդ կարգի ճյուղեր ստեղծելու համար, իսկ վերջիններս էլ կէտում են՝ դրանց վրա 2-3 հատ 2-րդ կարգի ճյուղավորումներ ստեղծելու համար։
Երբ նռենին մտնում է պտղաբերման մեջ, ուժեղ կողային ճյուղավորումներով բույսերը սիստեմատիկ էտում են՝ նոսրացնելով սաղարթը խտացնող ճյուղերը, չորուկները, բնի վրա եղած ավելորդ մացառները։ Ծաղկելուց հետո հեռացնում են նաև ընթացիկ տարվա ընձյուղների մի մասը, որոնք առաջացնում եմ կարճ վարսանդային ծաղիկներ։ Այսպիսի ընձյուղների հեռացումը նպաստավոր պայմաններ է ստեղծում մեկամյա ճյուղերի վրա առաջացած երկար վարսանդային ծաղիկների լավ զարգացման համար, որը և բարձրացնում է նրանց պտղաբերման գործակիցը։
Երբ նռենին թևակոխում է իր աճի ու զարգացման 5-րդ և 6-րդ շրջանները (25-30 տարեկան) և աճը խիստ թուլացել է, կատարում են երիտասարդացնող էտ։ Ընդ որում կարճացնում են ամենաներքևի առողջ, լավ զարգացած և հարմար դիրք ունեցող կողային ճյուղերը ։
Երբ նռենին թևակոխում է իր աճի ու զարգացման 7-րդ և 8-րդ շրջանները, կատարում են երիտասարդացում, այսինքն՝ 1-ին կարգի կմաղքային ճյուղերը հիմքից կտրում են, և հողի մակերեսին մոտ մասերից նոր հոռաշիվեր են առաջանում, իսկ վերջիններից ձևավորում են նոր կմաղքային ճյուղերը։ Այդպիսի էտը պետք է կատարել 2-3 տարիների ընթացքում։