ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է
20/04/2015
Հանրապետության առաջատար խաղողագործների հետ իր նախորդ հանդիպման ժամանակ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը նշել էր, որ խաղողագործության և գինեգործության հետագա զարգացումն ավելի խթանելու համար անհրաժեշտ է ստեղծել խաղողագործների միություն:
Եվ ահա՝ ապրիլի 18-ին գյուղատնտեսության նախարարության դահլիճում կայացած ժողովը, որին ներկա էին հանրապետության առաջատար խաղողագործներն ու գինեգործները, ձեռնամուխ էր եղել այդ գաղափարի իրագործմանը:
Սկզբում ընթերցվեց նախարար Անդրանիկ Խաչատրյանի հրամանը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խաղողագործության և գինեգործության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրվեցին «Սեմինա Քընսալթինգ» ընկերության տնօրեն Վահե Քուեշգուերյանն ու «ԱՆՈՒՇ-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Էռնեստ Ավետիսյանը:
Անդրանիկ Խաչատրյանը մեկ անգամ ևս անդրադարձավ ասոցիացիայի ստեղծման նպատակահարմարությանը՝ խաղողարտադրության բնագավառում առկա խնդիրները համատեղ՝ կենտրոնացված ձևով լուծելու, ոլորտի զարգացմանը վերաբերվող տեղեկատվությանը հաղորդակից լինելու, վերամշակման նոր տեխնոլոգիաների մասին ամբողջական պատկերացում կազմելու և այլ առումներով: Ծայր առած քննարկումների ընթացքում հնչած կարծիքների տրամաբանությունը գաղափարի անվերապահ ողջունումն էր:
Տեղում կազմակերպվեց «ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ ԳԻՆԵԳՈՐԾՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության հիմնադիրների անդրանիկ նիստը: Նիստի ընթացքում հաստատվեց հիմնադիրների կազմը, որի մեջ ընդգրկվեցին Վահե Քեուշգուերյանը, ԼՂՀ գյուղատնտեսության փոխնախարար Կարեն Աղաջանյանը և խաղողագործներ՝ ԼՂՀ տարբեր շրջաններից: Հաստատվեց կազմակերպության կանոնադրությունը, հիմնադիրների կազմից՝ որպես կազմակերպության նախագահ ընտրվեց Գրիգորի Ավետիսյանը: