|
ԱՀ ԳՆ սննդամթերքի պետական ծառայությունը Սուրբ Զատկի տոնին ընդառաջ տեղեկացնում է սպառողներին
23/03/2018
Սուրբ Զատկի տոնի հետ կապված, որպես կանոն, բնակչության սննդակարգում ավելանում է հավի ձվի օգտագործումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձուն համարվում է ռիսկային (արագ փչացող) սննդամթերք, ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացնում է ուժեղացված ռեժիմով վերահսկողություն և իրազեկում տնտեսավարող սուբյեկտներին. ԱՀ կառավարության 2017 թ. դեկտեմբերի 7-ի թիվ 240-Ն որոշմամբ սահմանվել է ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը, որի համաձայն՝
- ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարում են «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» գործունեության լիցենզիա ստացած ֆիզիկական և իրավաբանական անձիք, անհատ ձեռնարկատերերը
- շուկայում իրացման համար նախատեսված ձվերը ենթակա են անասնաբուժասանիտարական փորձաքննության
- ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացումը շուկայում ապահովում են ձու իրացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը
- անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված ձու իրացնող ֆիզիկական և իրավաբանական անձիք, անհատ ձեռնարկատերերը պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով
- շուկայում իրացման համար նախատեսված ձուն անասնաբուժասանիտարական փորձաքննության է ներկայացվում անասնաբուժական ծառայության կողմից տրված անասնաբուժական վկայականով, իսկ շրջանի տարածքում ձու իրացնելու դեպքում անասնաբուժական տեղեկանքով, որոնցով հաստատվում է տվյալ խմբաքանակի՝ թռչունների վարակիչ հիվանդությունների նկատմամբ ապահով տարածքներից ստացումը,
- ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննությունն իրականացվում է արտաքին զննման և օվոսկոպիայի միջոցով, իսկ կասկածելի դեպքերում հետազոտվում է ձվի պարունակությունը
- ձվի արտաքին զննման արդյունքում որակյալ է համարվում մաքուր, ամբողջական, առանց կողմնակի հոտի, բնական գույնով (սպիտակ, դարչնագույն, բաց դեղնավուն, խայտահավերինը՝ խայտաբղետ և այլն) ձուն:
Ի գիտություն սպառողների`
— ուշադրություն դարձրեք ձվի արտաքին տեսքին, մաքրությանը, ամբողջականությանը և ամենակարևորը՝ մակնշմանը, որտեղ պետք է նշված լինի պիտանիության ժամկետը
-I տեսակի (սեղանի) ձվերի պահպանման ժամկետը՝ 0-20 աստիճան Ցելսուս ջերմաստիճանում, կազմում է 8-25 օր, իսկ «էքստրա» տեսակի (դիետիկ) ձվերի պահպանման ժամկետը՝ 5-20 աստիճան Ցելսուս ջերմաստիճանում, չի գերազանցում յոթ օրը:
Խախտումների հանդիպելու դեպքում զանգահարեք Ծառայության թեժ գծին` 50-99 կարճ համարին կամ 097-23-50-99, 047-96-01-30 հեռախոսահամարներին:
Նշենք նաև, որ օրերս ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչությունը Ծառայության պետ՝ Համլետ Ապրեսյանի գլխավորությամբ այցելել է ձու արտադրող խոշոր կազմակերպություն, որտեղ իրականացրել է դիտարկում: Առաջիկա օրերին դիտարկումներ կիրականացվեն նաև հանրապետության այլ կազմակերպություններում և առևտրի կետերում:
|
|