Խորհրդակցություն՝ նվիրված կաթի արտադրության, մթերման, վերամշակման ու սպառման խնդիրներին
26/04/2019
Ապրիլի 25-ին ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում անցկացվեց ընդլայնված խորհրդակցություն, որը նվիրված էր հանրապետությունում կաթի արտադրությանը, նրա ծավալների ավելացմանը, վերամշակմանն ու սպառմանը: Խորհրդակցությունը վարում էր ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Ներկա էին շրջանների վարչակազմերի ղեկավարները, կաթ արտադրողները, մթերողներն ու վերամշակողները:
Գրիգորի Մարտիրոսյանը նշեց, որ ոլորտը կգտնվի պետության ուշադրության կենտրոնում և ունի պետական աջակցության կարիք:
Գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը նշեց, որ հանրապետությունում առկա են խնդիրներ՝ կապված կաթի մթերման, իրացման և վերամշակող ընկերությունների արտադրական հզորությունների հետ: Ոչ պակաս կարևոր է, ընդգծեց նախարարը, առկա խնդիրները լուծելուց հետո ընդլայնել շուկան, մեծացնել Արցախից արտահանվող կաթնամթերքի ծավալները:
Կաթ մթերող ընկերությունների ներկայացուցիչները նշեցին, որ արտադրական հզորություններից ավելի, իրենց համար կարևոր են պատրաստի արտադրանքի սպառման հնարավորությունները և պետությունից ակնկալում են աջակցություն նոր շուկաներ գտնելու ուղղությամբ, ինչից հետո պատրաստ են ավելի շատ կաթնամթերք արտադրել և ավելացնել կաթի մթերման ծավալները:
Պետական նախարարի հանձնարարությամբ կմշակվի միջոցառումների պլան, ըստ որի՝ հնարավորինս կհամակարգվեն կաթի և կաթնամթերքի արտադրության ոլորտներում առկա խնդիրները: