Սիսեռի մշակության տեխնոլոգիան
11/04/2018
Սիսեռը կերային և պարենային մշակաբույս է, պարունակում է մինչև 31,2% սպիտակուցներ, վիտամին A, B1, B2: Սիսեռի սերմերը օգտագործում են պահածոների արտադրությունում: Աղացած վիճակում այն լավ անասնակեր է: Կանաչ զանգվածը որպես կեր չի օգտագործվում, քանի որ պարունակում է թրթնջկաթթու: Սիսեռը իր չորադիմացկունությամբ գերազանցում է հատիկաընդեղեն բոլոր մշակաբույսերին: Սիսեռը ջերմասեր է, հատկապես ծաղկման և ունդերի ձևավորման ընթացքում: Ծաղկման շրջանում բարձր խոնավությունը բացասաբար է ազդում բույսի վրա, արդյունքում բույսը վարակվում է սնկային հիվանդություններով: Ծաղկման ընթացքում տևական անձրևների հետևանքով տեղի է ունենում ծաղկավիժում: Հողի նկատմամբ պահանջկոտ բույս չէ, կարող է աճել անգամ թեթև աղակալված հողերում: Սիսեռի արմատային համակարգի 50%-ը զարգանում է հողի 20 սմ խորությունում: Ինքնափոշոտվող բույս է, փոշոտումը տեղի է ունենում կոկոն վիճակում: Ունդերը հասունանում են միաժամանակ, հասունացման ժամանակ չեն բացվում, և սերմերը չեն թափվում: Վեգետացիայի տևողությունը, կախված սորտից, կարող է տևել 80-120օր: Սիսեռը կնճիթավոր բզեզից չի տուժում: Այդ առանձնահատկությունը խիստ բարձրացնում է նրա արժեքը հարավային չոր պայմաններում: Սիսեռը պահանջկոտ չէ նախորդի հանդեպ, սակայն պահանջում է մոլախոտերից մաքուր դաշտեր: Շարահերկային մշակաբույս է, գերազանց նախորդ է հացազգի աշնանացան և գարնանացան մշակաբույսերի համար: Սիսեռի համար լավ նախորդ է աշնանացան ցորենը: Նախորդի բերքահավաքից հետո կատարել երեսվար և այնուհետև 2-4 շաբաթ անց պարարտացնել և կատարել վար 25-27 սմ խորության վրա: 20ց /հա բերք կազմակերպելու համար սիսեռը հողից վերցնում է 106 կգ ազոտ, 36 կգ ֆոսֆոր և 150 կգ կալիում: Եթե սիսեռի սեմերը վարակված են ազոտ ֆիքսող պալարաբակտերիաներով, ապա կարելի է վեգետացիայի ընթացքում չիրականացնել ազոտական սնուցում:
Ցանքից առաջ ցանկալի է սերմերը ախտահանել պալարաբակտերիաներով, որի դեպքում բերքը բարձրանում է 20-30%: Սիսեռի սերմերը ծլում են 3-40C ջերմության պայմաններում, ավելի բարձր ջերմաստիճանի պայմաններու 6-80 C ծլումն արագանում է: Ծիլերը դիմանում են -40 C սառնամանիքներին: Ցանքը կատարել վաղ գարնանը, որքան ցանքը ուշացնում են, այնքան ընկնում է սիսեռի բերքատվությունը: Սերմերի ծլման համար անհրաժեշտ է իր քաշից 140-160% ավելի խոնավություն: Հողի չափավոր խոնավության դեպքում սերմերը ցանում են 6-8 սմ խորությամբ, չոր պայմաններում ցանկալի է ցանքի խորությունը հասցնել մինչև 15 սմ-ի: Ցանքը պետ է քաղհանել և միջշարքային տարածությունները պահել փուխր վիճակում: Անջրդի գյուղատնտեսության պայմաններում ցանքից հետո, որպեսզի ծիլերը դուրս գան համերաշխ անհրաժեշտ է անմիջապես ցանքից հետո կատարել գլանակում: Սիսեռը զգայուն է հերբիցիդների նկատմամբ, մոլախոտային բուսականության դեմ նպատակահարմար է պայքարը կազմակերպել ագրոտեխնիկական եղանակով: Նախորդի բերքահավաքից հետո մոլախոտերով ուժեղ վարակված դաշտերում կարելի է օգտագործել գլիֆոսատ պարունակող հերբիցիդ: Ագրոտեխնիկական միջոցառումները իրենց մեջ ընդգրկում է մեկ նախացանքային և 2 հետցանքային փոցխում: Նախացանքային փոցխումը, բացի մոլախոտերի ծիլերի ոչնչացումից, փխրեցնում է հողի վերին շերտը, այս միջոցառումը իրականացնում են ցանքից 4-5 օր հետո: Հաջորդ փոցխումը իրականացնել ծիլերի դուրս գալուց 7-8 օր հետո, երբ բույսերը ունեն 3-5 տերև, իսկ երկրորդ փոցխումը առաջինից մեկ շաբաթ անց: Փոցխում են ցանքի երկայնքով կամ անկյունագծով (շեղակի), տափանի (ցաքանի) ատամների թեքված կողմը դեպի առաջ ուղղելով: Մշակաբույսերը որպեսզի փոցխման ընթացքում քիչ վնասվեն, փոցխումը իրականացնում ենք կեսօրից հետո, երբ բույսերի մոտ տուրգորը ակտիվ չէ: Դաշտում փոցխումը իրականացնող ագրոտեխնիկան պետք է շարժվի 5-6 կմ/ժամ արագությամբ: Բերքահավաքը կատարել ունդերը լրիվ հասունանալուց հետո: Հաշվի առնելով, որ սիսեռը հաճախ վարակվում է սնկային հիվանդություններով, նույն դաշտ պետք է վերադառնա 2- 3 տարին մեկ անգամ: Մինչև ցանքսը կամ ցանքի հետ համատեղ հող մտցնել Ռեգենտ կամ Ադոնիտ 10կգ/հա հողաբնակ վնասատուների դեմ: Լվիճներով, բվիկներով, ունդակերով վնասված ցանքսերը սրսկել նշված պրեպարատներից որևէ մեկով՝ Կորագեն-150-200գր/հա, Ավանտ-200- 300գր/հա, Դեցիս բլյու-600-700գր/հա, Էֆորիա- 150-200գր/հա, Ակտարա- 100- 150գր/հա: Մորեխներով վարակված դաշտերում սրսկել՝ Ֆյուրի-100-150գր, կամ Ֆաստակ -100-150գր, կամ Ադոնիս-100-150գր: Հիվանդություններից ասկոխիտոզի դեմ ցանքսերը սրսկել նշված պրեպարատներից որևէ մեկով՝ Բայլետոն (Բայլեֆոն)-0.5-1 կգ/հա, Տիլտ-0.5-1լ/հա, Ֆալկոն- 0.6-0.8լ/հա: Կեղծ ալրացողային սնկերի դեմ կիրառել՝ Անտրակոլ-2կգ/հա, կամ Օպտիմո- 0.5-1լ/հա, կամ Պիկտոր-0.5լ/հա: Սիսեռի ցանքի նորման է 80-100կգ: Նորմալ ագրոտեխնիկայի դեպքում կարելի է 1 հա-ից ստանալ 15-33ց բերք: