Полеводство
Բուսաբուծությունը համարվում է գյուղատնտեսության առանցքային ճյուղերից մեկը: Ընդհանուր գյուղատնտեսության համախառն արտադրանքի կեսակարար կշռի կեսը բաժին է ընկնում հենց բուսաբուծության ճյուղին: Դաշտավարությունը համարվում է բուսաբուծության ճյուղի հիմնական ուղղություններից մեկը: Այն ուսումնասիրում է դաշտային մշակաբույսերի բուսաբանական և կենսաբանական առանձնահատկությունները, նրանց տեսակային, տարատեսակային և սորտային կազմը, աշխարհագրական տեղադրման և շրջանցման սկզբունքները, առավել նվազագույն ծախսումներով բարձր ու որակով բերք ստանալու տեսական հիմունքները և պրակտիկ միջոցառումները: Դաշտավարությունը անընդհատ ընդարձակում է դաշտային պայմաններում մշակվող բույսերի կազմը, մշակության մեջ ներգրավելով նոր տեսակներ և ձևեր: Նրա վերջնական նպատակը յուրաքանչյուր հեկտարից նվազագույն ծախսումներով առավելագույն քանակությամբ բուսական արտադրանքի ստացումն է: Բուսաբուծության հիմնական օրենքը բույսի կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանների կամ գործոնների (լույս, ջերմություն, օդ, խոնավություն, սննդային տարրեր) համազորությունն ու անփոխարինելիությունն է: Բերքի քանակը որոշվում է մշակվող սորտի առանձնահատկություններով, ինչպես նաև մշակության տեխնոլոգիայի մակարդակով: Բերքի քանակն ու որակը պայմանավորված է նրանով, թե մարդն ինչ չափով է բավարարել բույսի կյանքի պահանջները: Որքան բույսը լավ է ապահովված սննդանյութերով, ջրով և այլ գործոններով, այնքան ինտենսիվ է տեղի ունենում նրա ֆոտոսինթեզը և այնքան բարձր է լինում նրա բերքատվության մակարդակը: Ագրոտեխնիկական միջոցառումների ողջ համակարգը ժամանակին և բարձր որակով կիրառելու միջոցով հնարավոր է անընդհատ բարձրացնել գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը, ստանալ որակական բարձ ցուցանիշներով կայուն բերք:
Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացումը միաժամանակ նպաստում է վարելաշերտում մեծ քանակությամբ օրգանական զանգվածի կուտակմանը, հետևապես նաև հողի բերրիության բարձրացմանը: Որքան գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը բարձր է, այնքան ավելի արագ է բարձրանում հողի բերրիությունը, որն իր հերթին նպաստում է հաջորդ մշակաբույսի բերքատվության բարձրացմանը: Ահա այսպիսի փոխադարձ կապ գոյություն ունի գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության մակարդակի և հողի բերրիության միջև:
Գյուղատնտեսական բույսերից բարձր ու կայուն բերք ստանալու հիմնական պայմաններից մեկն էլ հողում գտնվող սննդանյութերն են: Արցախի Հանրապետությունում հողերի ագրոքիմիական հետազոտության ծրագրի շրջանակներում տարեկան շուրջ 1700,0 հեկտար տարածքներից վերցված 858 հողանմուշներից կատարվում է 4290 փորձաքննություն: Փորձաքննության արդյունքների հիման վրա կազմվում են մշակաբույսերի պարարտացման երաշխավորագրեր: Ծրագիրը հնարավորություն է տալիս տարիների ընթացքում գյուղատնտեսական նշանակության տարածքները ենթարկել ագրոքիմիական հետազոտման:
Արցախի Հանրապետությունում բուսաբուծության ճյուղում իրականացված պետական ծրագրերի շնորհիվ հաջողվել է արձանագրել բավականին լուրջ ցուցանիշներ: Վերջին տարիներին իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք նպատակաուղղված են հանրապետության գյուղատնտեսության հողային ռեսուրսների նպատակային օգտագործմանը, գարնանացան մշակաբույսերի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը։
Նախորդ տարիների համեմատ ցանքատարածությունների ավելացմանը զուգընթաց դրական տեղաշարժ է նկատվում նաև դրանց կառուցվածքի բարելավման ուղղությամբ: Վերջին հանգամանքը չափազանց կարևոր է ցանքաշրջանառության կիրառման առումով, քանի որ, ինչպես հայտնի է, հանրապետության հողատարածքները տարիներ շարունակ զբաղեցվել են աշնանացան մշակաբույսերով, ինչը բացասաբար է անդրադարձել հողերի բերրիության և մշակաբույսերի բերքատվության վրա:
Կառավարության նպատակասլաց գործունեության արդյունքում վերջին մի քանի տարիներին նկատվում է գարնանացան մշակաբույսերի տարածքների ընդլայնման դինամիկա: Այսպես, 2017 թվականին գարնանացանի տարածքները կազմել են շուրջ 15 հազար հա` գերազանցելով 2005-2007 թվականների միջին տարեկան ցուցանիշը ավելի քան 3.5 անգամ, իսկ 2016 թվականի ցուցանիշը՝ մոտ 2 անգամ կամ ընդհանուր ցանքատարածքներում գարնանացանի տեսակարար կշիռը 2005-2007 թվականներին կազմել է միջինը 7 տոկոս, 2016 թվականին` 15 տոկոս, իսկ 2017 թվականին` 22 տոկոս: 2019 թվականին գարնանացանի տարածքները կազմել են շուրջ 21,9 հազար հա` 2018 թվականի 13,4 հազար հեկտարի դիմաց, գերազանցելով 8,5 հազար հեկտարով կամ 38,8 տոկոսով:
Բացի այդ, ընդլայնվել է նաև գարնանացան մշակաբույսերի տեսակային կազմը. մշակության մեջ են դրվում գարնանացան այնպիսի կուլտուրաներ, ինչպիսիք են հնդկացորենը, հլածուկը, արևածաղիկը, կտավատը, սոյան, ոլոռը, ոսպը և բազմամյա կերային խոտաբույսերը: Վերջիններս, ցանքաշրջանառության լավագույն բաղադրիչ լինելուց բացի, հանդիսանում են տեխնիկական ու կերային կարևոր կուլտուրաներ, որոնց մշակությունը նախադրյալներ է ստեղծում ագրովերամշակող արդյունաբերության և անասնաբուծության զարգացման համար: Նշված նոր տեսակի մշակաբույսերի արտադրական նշանակության ցանքատարածքները հասնում են հարյուրավոր և հազարավոր հեկտարների:
Արցախի Հանրապետության տարածքում 2016-2017 թվականների աշնանացան և գարնանացան մշակաբույսերի ցանքատարածքների, համախառն բերքի և բերքատվության ցուցանիշների մասին տեղեկությունը ներկայացված է ստորև.
