Свиноводство
07/04/2018
Խոզաբուծությունը անասնաբուծության առավել վաղահաս ճյուղերից է։ Խոզերի գլխաքանակի հետագա ավելացումը և նրանց մթերատվության բարձրացումը թույլ են տալիս կարճ ժամանակում մեր երկրում նշանակալից չափով ավելացնել խոզի մսի արտադրությունը։ Խոզաբուծության նշանակությունը մսի արտադրության ավելացման համար պայմանավորված է խոզի կենսաբանական առանձնահատկություններով: Մյուս գյուղատնտեսական կենդանիներից խոզերը տարբերվում են բարձր պտղատվությամբ. մեկ մերունից մեկ ծնի ժամանակ ստացվում է 10-12 և ավելի խոճկոր։ Հայտնի են դեպքեր, երբ մերունից մեկ ծնի ժամանակ ստացվել է 28-30 խոճկոր։ Հղիության 114-116 օրվա ընթացքում և ծծկերության շրջանը 26-36 օր կրճատելով, յուրաքանչյուր մերունից տարեկան կարելի է ստանալ երկուսից ավելի ծին և, ինչպես ցույց է տվել առաջավոր խոզաբույծների փորձը, աճեցնել տարեկան 20-24 խոճկոր։ Մերունի պտղատվությունը կախված է նրա տարիքից և ցեղային առանձնահատկություններից։ Երկուսից հինգ տարեկան մերունները ունեն բարձր պտղատվություն, քան երիտասարդ խոզերն։ Ճարպային տիպի խոզերը ավելի քիչ պտղատու են, քան մսաճարպային տիպի խոզերը։ Խոզերի առանձնահատկություններից է բարձր վաղահասությունը: Ճիշտ կերակրման և աճեցման դեպքում 9-10 ամսական մատղաշը սեռապես հասունանում է և կարող է օգտագործվել նախիրի վերարտադրության համար։ Այդ դեպքում մերունների առաջին ծինը տեղի է ունենում 13-14 ամսականում։ Խոճկորները աճի նորմալ պայմաններում արագորեն աճում են և մեկ շաբաթականում նրանց քաշը ավելանում է մոտ երկու անգամ, իսկ 2 ամսականում նրանք կշռում են 16-20 կգ: Խոզերի բարձր պտղատվության և վաղահասության շնորհիվ տարվա սկզբին տնտեսությունում եղած յուրաքանչյուր մերունից սերնդի աճեցման և բտման դեպքում տարեկան կարելի է ստանալ մինչև 2000 կգ խոզի միս։ Խոզի մսի որակը փոխվում է կենդանու տարիքից, սնվածությունից, ցեղային առանձնահատկություններից ու նրանց օգտագործած կերերից։ Երիտասարդ կենդանիների միսը հյութալի է, պարունակում ավելի շատ սպիտակուց ու քիչ ճարպ, քան խոտանված վարազների և մերունների միսը, որոնց մսեղիքի մեջ բտումից հետո զգալիորեն ավելանում է ճարպի քանակը։ Խոզերի սպանդային ելքը, կախված սնվածության աստիճանից, տարիքից, սեռից և ցեղային առանձնահատկություններից, տատանվում է 55-70 %-ի սահմաններում, այսինքն’ զգալի չափով ավելի է տավարի ու ոչխարի համապատասխան ցուցանիշից։ Բացի մսից և ճարպից, խոզերից ստանում են մի ամբողջ շարք կողմնակի մթերքներ (կաշի,աղիքներ, մազ, արյուն և այլն), որոնք օգտագործվում են որպես հումք հետագա վերամշակման համար։ Բարձրորակ սննդային ճարպ ստանում են նաև խոզի մսեղիքի մասնատման պրոցեսում՝ խոզի ճարպի (ենթամաշկային ճարպի) մի մասը կտրում են, մսեղիքի վրա թողնելով 1,5-2 սանտիմետրանոց շերտ։ Հանված խոզաճարպը իրացվում է առանձին։ Խոզերը ամենակեր են, լավ են օգտագործում և բուսական, և կենդանական կերերը, ինչպես նաև տեխնիկական արտադրության ու հասարակական սննդի մնացուկները։ Այդ հանգամանքը նպաստում է նրանց բուծմանը մեր երկրի ամենատարբեր շրջաններում։ Ամենատարբեր կերերի օգտագործման դեպքում խոզերը մեկ կիլոգրամ քաշաճի վրա ծախսում են ավելի քիչ կերամիավոր, քան գյուղատնտեսական մյուս կենդանիները։ 1 կգ քաշաճի վրա խոզերի մատղաշները ծախսում են 3,5-4,5, իսկ հասունները 6-8 կերամիավոր։ Մսի գոյացման համար խոզերի օրգանիզմում օգտագործվում է կերի էներգիայի մինչև 32, տավարի օրգանիզմում՝ 25, իսկ ոչխարի օրգանիզմում` 20% ֊ը։
Խոզերը շատ զգայուն են արտաքին միջավայրի ինչպես բարձր, այնպես էլ ցածր ջերմության նկատմամբ: Խոզերը, ինչպես նաև տաքարյուն մյուս կենդանիները, իրենց էներգիայի մի մասը օգտագործում են մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանման համար: Եթե խոզանոցում չկա օդափոխության սիստեմ, ապա 20 աստիճանից բարձր ջերմությունը բացասաբար է ազդում կերակրող մերունի վրա, նա դժվարանում է ավելորդ ջերմությունից, քիչ է ուտում և քիչ էլ կաթ է արտադրում: Ընդանրապես, երբ խոզանոցներում ջերմությունը 25 և ավելի է լինում, խիստ ընկնում է բոլոր սեռահասակային խմբերի կենդանիների մթերատվությունը: Խոզերն զգայուն են նաև բարձր խոնավության նկատմամբ: Ինչպես բարձր, այնպես էլ ցածր ջերմությունը համեմատաբար հեշտ են տանում, եթե խոնավությունը նորմալ է (70% կամ ցածր): Կիրառվում է խոզերի պահվածքի 2 եղանակ` զբոսաբակային և ոչ զբոսաբակային: Քանի որ հանրապետության և հարևան պետություների տարածքները անապահով են աֆրիկական ժանտախտի նկատմամբ ուստի երաշխավորվում է իրականացնել ոչ զբոսաբակային (փակ) պահվածքով:
Հանրապետությունում հիմնականում բուծվում են խոշոր սպիտակ, լանդրաս և դյուրոկ ցեղերը: Տեղական խոզերի մթերատվության բարձրացման նպատակով մեր մասնագետների կողմից իրականացվում է արհեստական սերմնավորում:
Խոշոր սպիտակ ցեղ: Մեր երկրում բուծվող խոզերի խոշոր սպիտակ ցեղը ցտեղծվել է անգլիական սպիտակ ցեղի և տեղական խոզերի տրամախաչումից ստացված խառնածինների հետ կատարվող տևական տոհմային աշխատանքի հետևանքով։ Անգլիայում խոզերի խոշոր սպիտակ ցեղը ստացվել է մի քանի ցեղերի բարդ տրամախաչումից։ Եղած տվյալների համաձայն նրա ստեղծմանը մասնակցել են տեղական, պորտուգալական, նեապոլյան և չինական խոզերը։ Երկար ժամանակ խոշոր սպիտակ ցեղի կենդանիներին մեր երկրի բազմաթիվ շրջաններում օգտագործում էին տեղական խոզերի բարելավման համար, որի հետևանքով խոշոր սպիտակ խոզերի զանգվածը և նրանց խառնածինները զգալիորեն ավելացան։ Ներկայումս խոշոր սպիտակ ցեղը իր բարձր մթերատվության շնորհիվ ավելի է տարածվել մեր երկրում և կենդանիների թվով գրավում է առաջին տեղը մյուս ցեղերի մեջ։ Խոշոր սպիտակ ցեղի խոզերը բնութագրվում են ոչ մեծ գլխով, կորացած պրոֆիլով և լայն ճակատով։ Նրանց ականջները բարակ են, դեպի վեր, առաջ և կողմերը ուղղված, պարանոցը մկանուտ է, մնդավը լայն է, կուրծքը խոր և լայն, մեջքն ուղիղ է գոտկատեղը և սրբոսկրը լայն են, ազդրերը կլորացած են, իջնում են մինչև ցատկահոդերը, ոտքերը ամուր են, չոր, ճիշտ դրված, մաշկը ամուր է, առաձգական, առանց ծալքերի, մազը սպիտակ է, երկար, հարթ։ Այս ցեղի խոզերը խոշոր են, երեք տարեկան տոհմային մերուններր միջին հաշվով կշռում են 220-280 կգ, վարազները’ 300-350 կգ, իսկ առանձին արտադրողներ’ 500 կգ: Խոշոր սպիտակ ցեղի մերուններն աչքի են ընկնում բարձր պտղատվությամբ և կաթնատվությամբ։ Հասուն մերունից մեկ ծնի ժամանակ միջին հաշվով ստացվում է 10-12 խոճկոր’ 1-1,3 կգ քաշով, բայց հազվադեպ չէ 14-16 խոճկորի ծնունդը: Մերունների կաթնատությունը կազմում է 60-70 կգ և ավելի։ Այս ցեղի խոզերն աչքի են ընկնում բարձր վաղահասությամբ և աճի ու կերակրման նորմալ պայմաններում բարձր քաշաճով։ Խոշոր սպիտակ ցեղի խոզերը բուծվում են մեր երկրի տարածքի մեծ մասում։
Լանդրաս ցեղ: Բեկոնային արդյունաբերության զարգացման հետ միասին Դանիայում ուշադրություն են դարձրել երկրում բուծվող տեղական ցեղային խմբի խոզերի բարելավման անհրաժեշտությանը, քանի որ նրանք չէին համապատասխանում այն պահանջներին, որ առաջադրվում էին բեկոնի արտադրության համար։ Այդ նպատակով Դանիա ներմուծվեցին անգլիական խոշոր սպիտակ ցեղի խոզեր։ Տեղական և անգլիական խոզերի խառնածինների հիման վրա այստեղ ստեղծվեց մսային տիպի կենդանիների նոր ցեղ, որ ստացավ լանդրաս անունը։ Այդ ցեղի խոզերը համեմատաբար խոշոր են, ձգված, խոր և լայն իրանով, լայն սրբանով, թեթևակի կախված հետույքով և տափակ ազդրերով։ նրանց գլուխը բավական երկար է, ուղիղ պրոֆիլով, մեծ, դեպի առաջ կախված ականջներով: Վարազները կշռում են մինչև 360 կգ, մերունները՝ մինչև 280 կգ: Մերունների պտղատվությունը 10-12 խոճկոր է, կաթնատվությունը՝ 60-70 կգ: Մատղաշը 170-180 օրականում հասնում է 85-95 կգ-ի: Լանդրաս ցեղի կենդանիներն աչքի են ընկնում լավ բեկոնային հատկանիշներով, որոնք պահպանվում են նրանց և խոշոր սպիտակ խոզերի խառնածինների մոտ։
Դյուրոկ ցեղ: Խոզերի ամերիկյան ցեղատեսակ է, որը ստացել են ԱՄՆ հյուսիսարեվելյան մասում, կարմիր գույնի խոզերի տրամախաչումից: Վարազները կշռում են մինչև 300-360 կգ, մերուները մինչև 240-300 կգ: Մերուների պտղատվությունը 8-11 խոճկոր է: Դյուրոկը 170-180 օրականում հասնում է 100-110 կգ կենդանի քաշի: Խոզուկները ծնվում են բավականին մեծ (1100-1600 գ): 1կգ քաշաճի վրա ծախսում է 3,7-3,8 կերային միավոր: Սպանդային ելքը 70% է: Դյուրոկի առանձնահատկություներից է, հանգիստ բնավորություն, վաղահասունություն, օրգանիզմի բարձր դիմադրողականություն, մսեղիքի յուրահատուկ համ:
Ստորև ներկայացված է 2013-2017թթ. խոզերի գլխաքանակը՝ ըստ շրջանների:
ԱՀ-ում խոզերի գլխաքանակը 2013-2017 թթ.
Հ/հ |
Շրջանի անվանումը |
2013 |
2014 |
2015 |
2016 |
2017 |
1 |
Ստեփանակերտ |
980 |
1320 |
2220 |
747 |
411 |
2 |
Ասկերան |
3369 |
2822 |
5488 |
3940 |
4385 |
3 |
Հադրութ |
3099 |
2337 |
3173 |
4030 |
3437 |
4 |
Մարտակերտ |
1931 |
1257 |
2962 |
1812 |
2255 |
5 |
Մարտունի |
3827 |
2401 |
4791 |
4534 |
5048 |
6 |
Շահումյան |
755 |
744 |
1029 |
386 |
509 |
7 |
Շուշի |
396 |
213 |
357 |
251 |
219 |
8 |
Քաշաթաղ |
3391 |
2154 |
3269 |
3799 |
3924 |
Ընդամենը |
17748 |
13248 |
23289 |
19499 |
20188 |