ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԿԼԻՆԵՆ ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ. ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյան
04/05/2016
Մայիսի 5-31-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մեկնարկում է դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը: ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղակայված է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ընդունող հանձնաժողովի գրասենյակներից մեկը (ք. Ստեփանակերտ, Հ.Թումանյանի 115, սենյակ 1, հեռ.՝ 047960123, 047943588):
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը բազմիցս նշել է, որ հանրապետությունը մեծ պահանջարկ ունի գյուղատնտեսական և հարակից ոլորտները սպասարկող գյուղատնտեսական և տեխնիկական կրթությամբ որակյալ կադրերի: Շուշիի տեխնոլոգիական համալսարանը ստեղծվել է այդ խնդիրը լուծելու համար և այս տարի ընդունելություն է հայտարարել ագրոնոմիայի, անասնաբուժության, անասնաբուծության, անտառային տնտեսության, գյուղմեքենայացման, ագրոբիզնեսի և մի շարք այլ մասնագիտություններով:
Ինչպես գիտեք, ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը համագործակցության պայմանագիր ունի Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ, և ամեն կերպ աջակցելու է գյուղատնտեսության ոլորտի համար համակողմանի զարգացած կադրերի պատրաստմանը: Ուսումնական գործընթացում ներգրավվելու են բնագավառի բոլոր կարող ուժերը: Ակտիվ աշխատանքներ են տարվում տարբեր երկրների ԲՈՒՀ-երի հետ դիպլոմների համարժեքության ճանաչման խնդիրը լուծելու ուղղությամբ: Մի բան այսօր ակնհայտ է` համալսարանի բոլոր որակյալ շրջանավարտներին սպասվում է բարձր վարձատրվող մասնագիտական աշխատանք: