ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ (Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի հաշվետվությունը)
16/03/2016
Մարտի 15-ին տեղի ունեցավ Մարտունու համայնքի ղեկավար Մհեր Խաչատրյանի հաշվետվությունը՝ 2015 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ, որին մասնակցում էին նաև Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը, ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը և ԼՂՀ քաղաքաշինության փոխնախարար Գեորգի Հայրիյանը:
Քաղաքապետը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում նշանակալի աշխատանք է կատարվել՝ այսօր արդեն քաղաքի արտաքին լուսավորվածությունը հասցել է 90 տոկոսի, շարունակվել է նոր բնակելի թաղամասի կառուցումը, շարունակվել են մի շարք փողոցների սալապատման աշխատանքները: Մշակվել է արտեզյան ջրհորների կառուցման ծրագիրը, մեկ արտեզյան ջրհոր շահագործման է հանձնվել, ընթացիկ տարում կյանքի կկոչվի ծրագրի մնացած մասը: Կառուցվել է «Երևանյան այգի»-ն: Ամբողջությամբ ասֆալտապատվել է «Հաղթանակի հրապարակ»-ն իր մերձակա տարածքներով: Հուշահամալիրի տարածքում տեղակայվել է նոր մանկական խաղահրապարակը, ինչի համար, նշեց Մ. Խաչատրյանը, մարտունեցիներն իրենց երախտիքի խոսքն են ուղղում կառավարությանը: Բնակչության զբաղվածության հարցն էլ գրեթե ամբողջությամբ լուծված է:
Քաղաքային համայնքի 2015թ. տարեկան բյուջեի պլանը կատարվել է մոտ 97 տոկոսով:
Հաշվետու տարում քաղաքում կատարվել են զգալի բարեկարգման աշխատանքներ, բայց և օրախնդիր է ջրահեռացման համակարգի արդիականացումը:
2015-ի բերքի տակ կատարվել է 871.5 հա աշնանացան մշակաբույսերի ցանքս: Գարնանացան է իրականացվել 72.7 հա-ի վրա: Ստացված բերքը 2014-ի ցուցանիշից ավել էր 17. 185.8 ց-ով: 1 հա-ի միջին բերքատվությունը կազմել է 26.0 ց, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 20.7 ց-ով: 2015-16 թթ բերքի տակ կատարվել է 1 052.3 հա հերկ, նույնքան էլ՝ ցանքս: Համայնքում առկա են 7 կոմբայն, հերկի 10 տրակտոր, 9 գութան, 3 սկավառակային փոցխ, 5 շարքացան, 4 կուլտիվատոր և 31 բեռնատար մեքենա:
Անցած տարի զգալի աշխատանք է տարվել նաև գյուղատնտեսական կենդանիների և թռչունների պահվածքի, կերակրման, խնամքի, ինչպես նաև՝ հիվանդությունների ախտորոշման և կանխարգելիչ միջոցառումների ժամանակին ու որակով անցկացման ուղղությամբ: 2016-ի հունվարի 1-ի դրությամբ համայնքում առկա էր խ.ե. 227 անասուն, որից կովեր՝ 118, խոզերի գլխաքանակը՝ 384, մ.ե.ա՝ 1106 գլուխ, թռչուններ՝ 16. 986 թև: Արտադրվել է 272. 28 ց միս:
Մեծ շուքով և բազմապիսի միջոցառումներով նշվել է Մարտունու 90-ամյա հոբելյանը, ինչին իրենց նպաստը բերելու համար Քաղաքապետ Մհեր Խաչատրյանը երախտիքի խոսք ուղղեց բարերարներին: Համաքաղաքացիներին ուղղված իր խոսքում նա կարևորեց ի բարօրություն հարազատ քաղաքի իրականացվող աշխատանքներին ավելի ակտիվ մասնակցության հանգամանքը: Համատեղ աշխատանքն է հաջողության գրավականը, շեշտեց քաղաքապետը:
Հարակից զեկույցներով հանդես եկան նաև ավագանու անդամներն ու համայնքի ներկայացուցիչները, ինչից հետո քաղաքապետի աշխատանքը գնահատվեց բավարար:
Իր խոսքում գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն անդրադարձավ իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող նոր քաղաքականությանը, ինչը ենթադրում է նորովի մոտեցմամբ գյուղոլորտը բարձրացնել որակական մի նոր հարթություն, որտեղ գերիշխող կլինի ինտենսիվ գյուղատնտեսությունը: Սրա համար անհրաժեշտ է ներդնել զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրների փորձը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման առումով. ոռոգման համակարգի համակողմանի բարելավում, արդիականացում (կաթիլային ոռոգման կիրառում, ջրամբարների վերանորոգում և վերագործարկում, նորերի կառուցում. արտեզյան ջրհորների ցանցի հիմնում) և արդյունավետ կառավարում: Նախարարի կարծիքով, անհրաժեշտ է նաև համալրել գիտելիքների բազան. մեզ անհրաժեշտ են արհեստավարժ գյուղատնտեսներ: Այդ նպատակի համար Շուշիի նորաբաց տեխնոլոգիական համալսարանը սպասում է դիմորդներին: Անհրաժեշտ է նաև նոր մշակաբույսերի կիրառում: Սրա, ինչպես նաև պտղաբուծության զարգացման համար բոլոր հիմքերն ու պայմաններն առկա են Արցախում, նշեց Արամ Մխոյանը: Պտղաբուծության զարգացման շրջանակներում միանգամայն վերջերս Մարտունու շրջանի հողօգտագործողներին անհատույց տրամադրվեց թթենու 10 հազ. տնկի: Այս ծրագիրը շարունակակն կլինի, կտրամադրվեն նաև այլ պտղատեսակների տնկիներ (նուռ, թուզ, արքայախնձոր, սալոր, կեռաս և այլն): Զարկ կտրվի ծխախոտագործությանը: Նա նաև պարզաբանեց խոզաբուծության զարգացմանը միտված ծրագիր իրագործման կարգը: Նախարարը հատուկ ընդգծեց բերքահավաքի նախապատրաստության շրջանակներում հակահրդեհային միջոցառումներն արդյունավետ անցկացնելու և անասուններին ժամանակին անհրաժեշտ և համապատասխան պատվաստանյութեր ներարկելու կարևորությունը:
-Մենք այլ ելք չունենք, պարտավոր ենք ունենալ զարգացած գյուղատնտեսություն, ինչի արդյունքում հաջողությամբ կլուծենք Արցախը պարենային առումով ինքնաբավ դարձնելու կարևորագույն խնդիրը,-եզրափակեց Արցախի գյուղատնտեսության նախարարը, ինչից հետո պատասխանեց առաջադրված հարցերին:
Վերջում տրվեց տոնական համերգ: