Գիտագործնական կոնֆերանսների մեկնարկը տրվեց Կարմիր Շուկայից
03/10/2019
Ավանդաբար յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի երկրորդ կիրակին Արցախում նշվում է որպես գյուղատնտեսության աշխատողի օր, ինչի արտահայտությունն է Բերքի տոնը՝ գյուղատնտեսական մթերքների ցուցահանդես-տոնավաճառը, որը կազմակերպվում է մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:
Այս տարի միջոցառումները մեկնարկել են ավելի վաղ: Մասնավորապես, գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է գիտագործնական կոնֆերանսների շարք, որի խորագիրն է «Գյուղատնտեսության ներկան և ապագան»: Անդրանիկ կոնֆերանսը, որ նվիրված էր
բուսաբուծության ոլորտին, անցկացվեց Կարմիր շուկայում: Բացման խոսքով ելույթ ունեցավ ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ նշելով, որ առկա հաջողությունների ու ձեռքբերումների շարունակականությունը կարելի է ապահովել միայն որակական նոր հարթություն տեղափոխվելով՝ գիտակրթական և խորհրդատվական բաղադրիչի նշանակալի և ընդգծված ներկայացվածությամբ, ինչպես նաև կադրերի և մասնագետների պատրաստման ուղղությամբ միջոցների և ռեսուրսների ավելացմամբ: Ողջույնի խոսքով հանդես եկան ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:
Ելույթներով հանդես եկան Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոսներ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Հովհաննիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Սյուզաննա Հովսեփյանը, ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը և մենատնտես Վաչե Ադամյանը:
Գիտագործնական հաջորդ կոնֆերանսը, որ նվիրված կլինի անասնաբուծությանը, կանցկացվի Շուշիում՝ հոկտեմբերի 4-ին:
-
-