ԱՎԵԼԻ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ
26/12/2014
Ավանդույթի համաձայն` յուրաքանչյուր տարեվերջի Արցախի գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանն այցելում է իր ղեկավարած գերատեսչության ենթակայության ներքո գործող կազմակերպություններ:
“Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն”-ի կոլեկտիվի հետ հանդիպման ընթացքում նախարարը գոհունակությամբ նշեց, որ տարին բարեհաջող էր Կենտրոնի համար: Ընդհանուր առմամբ, կոլեկտիվին հաջողվել է կատարել ծրագրվածը` միայն այս տարի արտադրվել է ավելի քան հինգ հարյուր տոննա ցորենի բարձրորակ սերմացու, որը տրամադրվում է հողօգտագործողներին:
-Սերմնարտադրությունը մեր ամենահաջողված ծրագրերից է, որը կոչված է ավելի արդյունավետ դարձնել հողօգտագործողի աշխատանքը,-նշեց Անդրանիկ Խաչատրյանը: Առկա խնդիրներն էլ, ըստ նրա, ժամանակավոր բնույթ են կրում և անպայման կստանան իրենց լուծումը:
“Բույսերի պաշտպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի կողմից ևս այս տարի նշանակալից աշխատանք է իրականացվել` ուղղված վնասատուների դեմ պայքարին, համայնքային հողերի հետազոտություններին ու դաշտային աշխատանքներին: Անդրանիկ Խաչատրյանը նշեց, որ Ծառայությունը զգալի աշխատանք է իրականացրել` ընդգծելով հատկապես թթենու վահանակիր կոչվող վնասատուների դեմ բարեհաջող պայքարը:
Հանդիպումների ժամանակ Անդրանիկ Խաչատրյանն իր գործընկերներին հորդորեց էլ ավելի հետևողական ու նպատակասլաց լինել պարտականությունները կատարելուց, ձևավորել ավելի սրտացավ մոտեցում:
-Դուք կարևորագույն ծառայություն եք իրականացնում: Մեծապես հենց ձեր աշխատանքի արդյունավետությունից է կախված մեր քաղաքացիներին մատուցվող սննդի անվտանգության ապահովումը,- ասաց գյուղատնտեսության նախարարը “Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի հետազոտությունների լաբորատորիա” –ի կոլեկտիվի հետ հանդիպման ընթացքում: Առավել ևս, նշեց Անդրանիկ Խաչատրյանը, որ այսօր արդեն լուծված են կոլեկտիվի առջև տարիներով ծառացած խնդիրները, որոնք հնարավորություն չէին ընձեռնում լիարժեքորեն իրականացնել անհրաժեշտ բոլոր գործառույթները: Նշենք, որ արդեն երրորդ տարին է, որ կոլեկտիվը տեղափոխվել է նորակառույց շենք, ինչից հետո իրականացվել է նաև նշանակալի տեխնիկական վերազինում: Նախարարը նշեց, որ հայաստանյան գործընկերների հետ սերտ համագործակցության շրջանակներում կշարունակվեն լաբորատորիայի մասնագետների վերապատրասման և նրանց կատարելագործման աշխատանքները:
Շնորհավորելով գործընկերներին գալիք նոր տարվա կապակցությամբ` Արցախի գյուղատնտեսության նախարարը գալիք տարում նրանց մաղթեց ամենայն բարիք և արգասաբեր աշխատանք: