ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆ
29/03/2018
Այսօր բույսերի և բուսական ծագում ունեցող արտադրանքի ներմուծման և արտահանման ծավալները նկատելիորեն աճել են, ինչը ունի որոշակի ռիսկայնություն: Երկիր ներթափանցող վնասակար օրգանիզմների որոշակի տեսակներ մեծ վտանգ են ներկայացնում տեղական կենսաբազմազանության համար: Այդ ներխուժումների հաճախականության նվազեցումն անհնարին է, քանի որ միջազգային առևտրի և տրանսպորտային բեռնափոխադրումների ծավալն օրեցօր ավելանում է: Օտարածին օրգանիզմները ներկրվում են մեծ քանակությամբ բանջարեղենի, տնկանյութի, խաղողի վազի, դեկորատիվ բույսերի հետ: Նման ճանապարհով ժամանակին երկիր են ներթափանցել ֆիտոֆտորան, ֆիլոքսերան, մորմազգիների ցեցը և այլն: Մի շարք վնասակար օբյեկտների տարածքային և սահմանային տեղափոխումները հնարավոր են դառնում նաև ինքնուրույն թռիչքի, քամիների, չվող թռչունների միջոցով: Կարանտին միջոցառումների կիրառումը ստեղծում են այնպիսի պայմաններ, որոնք արգելում են վնասատուների, հիվանդություների և մոլախոտերի նոր տեսակների ներթափանցման հնարավորությունները: Արտաքին կարանտին ուղղությամբ կիրառվում են հետևյալ միջոցառումները`
- ներմուծված ապրանքի ստուգում, էքսպերտիզացիա
- ներմուծված ապրանքի վարակազերծում
Ներքին կարանտինի ուղղությամբ կիրառվում են մի շարք միջոցառումներ՝ երկրի ներսում կարանտին նշանակության վարակի օջախների կանխման և ոչնչացման համար: Ներքին կարանտին օբյեկտներ են խաղողի ֆիլոքսերան, մորմազգիների ցեցը, կոմստոկի որդանը, կալիֆորնյան վահանակիրը և այլն:
Ներկա դրությամբ անհրաժեշտ է կարանտին միջոցառումներ սահմանել տանձենու բակտերիալ այրվածքի և սալորենու շարկա վիրուսային հիվանդության ներթափանցումն ու հետագա տարածումը արգելելու և կանխելու համար:
ԲԱԿՏԵՐԻԱԼ ԱՅՐՎԱԾՔ

Հարուցիչը Erwinia amylovora մանրէն է: Վարակվում են վարդազգիների ընտանիքին պատկանող մշակաբույսերը (խնձորենին, տանձենին):
Հիվանդության տարածման հավանական աղբյուրը բույսի բոլոր օրգաններն են, բացի սերմերից: Հավանական աղբյուրը ծաղկած ծաղիկներն են (վարակված փոշին):
Պտղատու բույսերի բակտերիալ այրվածքը տարածվում է ներմուծված հումքի հետ, հատման ժամանակ` գործիքներով, փոշոտող միջատներով: Կարող է տարածվել քամու, թռչունների, անձրևի, ոռոգման ջրերի միջոցով: Հայտնի են դեպքեր, երբ հիվանդությունը ներմուծվել է պտուղներով, խոտով և օտարերկրյա տնկանյութի ներմուծմամբ: Արցախում հիվանդությունն արդեն ի հայտ է եկել:
Մանրէի աճի և զարգացման համար անհրաժեշ է 26-28 °С ջերմաստիճան, ոչնչանում է 43-50°С ջերմության և օդի 70% հարաբերական խոնավության դեպքում: Դրան հատկապես նպաստում են կարկտահարությունները:
Հիվանդության արտաքին նշանները.
գարնանը նոր բացվող ծաղիկները, երիտասարդ շիվերը հանկարծակի թառամում են և սևանում, սակայն մնում են շիվերի վրա: Նոր կազմակերպված պտուղները նույնպես սևանում են և մնում շիվերի վրա: Վարակված շիվերը լցվում են հեղուկով, որը կեղևի ճեղքերից դուրս է գալիս պղտոր հեղուկի տեսքով: Վերջինս օդի հետ շփվելիս մգանում և չորանում է դարչնագույն կաթիլների տեսքով:
ՍԱԼՈՐԵՆՈՒ ՇԱՐԿԱ ԿԱՄ ՔՈՍ

Հիվանդության հարուցիչը pium pox վիրուսն է:
Վարակվում են ծիրանենին, դեղձենին, սալորենին և բալենին:
Հայաստան վնասակար օրգանիզմի ներմուծումը կարող է իրականանալ օտարերկրյա տնկանյութի ներմուծմամբ: Հիվանդությունը տարածվում է նաև ծծող տիպի բերանի ապարատ ունեցող միջատների միջոցով:
Հիվանդության ախտանիշները.
Տերևների վրա շարկայի ախտանիշները հայտնվում են բաց կանաչից մինչև դեղին գույնի լայն օղակների, բծերի կամ շերտերի տեսքով: Պտուղների մոտ առաջանում են չորուկներ` կետերի, շերտերի և աղեղների տեսքով: Կետերի տակ ընկած պտղամիսը սովորաբար լինում է շագանակագույն կամ կարմրավում երանգով, պատված խեժով: Պտուղների վրա նկարագրված բծերը երևում են նաև կորիզների վրա: Վարակված պտուղները ժամանակից շուտ են հասունանում և սկսում են ընկնել հիմնական բերքի հասունացումից 20-30 օր առաջ:
Ճիշտ և ժամանակին իրականացնելով կարանտինային միջոցառումները՝ մեր երկրի բուսականությունը զերծ կպահենք կարանտին բազմաթիվ վնասակար օբյեկտներից: