Apiculture
07/04/2018
Մեղվաբուծությունը գյուղատնտեսության կարևոր ճյուղերից մեկն է: Մի կողմից այն աչքի է ընկնում իր բարձր եկամտաբերությամբ, իսկ մյուս կողմից՝ մեղուն՝ որպես գյուղատնտեսական մի շարք կուլտուրաների հիմնական փոշոտող, բարձրացնում է պտղատու ծառերի, խոտաբույսերի, բանջարեղենի և բամբակենու բերքատվությունն ու սերմնակալումը: Հետազոտողների կողմից պարզվել է, որ մեղուն կորնգանի բերքատվությունը բարձրացնում է 100%-ով, առվույտինը` 40-50%, իսկ խնձորենու պտղակալումը` 60%-ով: Այսպիսով` հաշվարկված է, որ մեղուներն անուղղակի ճանապարհով 15 անգամ ավելի շատ եկամուտ են տալիս տնտեսությանը, քան ուղղակի ճանապարհով նրանց տված մեղրը և մոմը: Մեղվաբուծությունից ստացած թանկարժեք սննդամթերքը` մեղրը, ծառայում է նաև որպես մի շարք հիվանդությունների բուժման միջոց: Խիստ կարևոր նշանակություն ունի նաև մեղրամոմը: Այն օգտագործվում է արդյունաբերության 40 ճյուղերում (ռազմական, կաշեգործության, տպագրության, էլեկտրաարդյունաբերության, տեքստիլ արդյունաբերության, զանազան մոդելների պատրաստման ասպարեզում և այլն): Մեղրամոմը կիրառվում է նաև որպես բուժիչ նյութ: Մեղվից ստացված երրորդ արտադրանքն ակնամոմն է: Այն օգտագործվում է ինչպես արդյունաբերության, այնպես էլ բժշկության մեջ: Մեղվի մթերքների թվում չորրորդ արտադրանքը` ծաղկափոշին է, որը մեղուները հավաքում են ծաղիկներից: Ծաղկափոշին կարելի է օգտագործել որպես համեղ սննդամթերք: Այն հարուստ է սպիտակուցային նյութերով և վիտամիններով, որոնք շատ օգտակար են մարդու օրգանիզմի համար: Ծաղկափոշին օգտագործվում է նաև դեղորայք պատրաստելու համար: Այն ունի բուժիչ հատկություններ: Մեղվից ստացված հինգերորդ արտադրանքը մեղվի թույնն է: Դեռ վաղուց հայտնի է եղել այն, որ մեղվի թույնը ռևմատիզմի, իշիասի և մի շարք հիվանդությունների բուժման միջոց է հանդիսացել: Այժմ մեղվի թույնը կարելի է ստանալ հատուկ եղանակով` առանց մեղվին վնասելու:
Մեղվաբուծությունը հայկական լեռնաշխարհում որպես գյուղատնտեսության ճյուղերից մեկը զարգացել է անհիշելի ժամանակներից և ներկայումս դժվար է բացատրել նրանց ծագումն ու արմատը: Մեղվապահներն իրենց սեփական փորձերն ավանդել են սերնդից սերունդ, իրենց հաջորդներին թողել են ոչ միայն խոսքեր ու պատմվածքներ, այլև գրավոր խրատներ: Հայ ժողովուրդը նույնպես անտարբեր չի եղել հրաշագործ մեղվի քաղցր արտադրանքի նկատմամբ: Մեղրը որպես թանկարժեք սննդամթերք և բուժման միջոց հայ ժողովրդի լայն խավերին ծանոթ է եղել դեռ շատ վաղուց: Հայերի մոտ մեղրը և մեղրի օշարակը (շարբաթ) հանդիսացել են հյուրասիրության լավագույն միջոցներից մեկը: Հայաստանում մեղրը ծառայել է նաև որպես բուժիչ միջոց, և այն պահպանվել է մինչև մեր օրերը: Սրտի արատ ունեցողներին, սրտի աշխատանքը կարգավորելու համար, խորհուրդ էին տալիս օգտագործել սպիտակ մեղրահացով մեղր` փայտածուխի հետ խառնած: Արյան պակասությամբ, սրտի թուլությամբ, ջղայնությամբ կամ ուժեղ գլխապտույտով տառապող հիվանդներին առաջարկում էին ամեն առավոտ քաղցած վիճակում խմեցնել մեկ բաժակ մեղրի, հալած յուղի և կաթի խառնուրդ: Աչքացավով տառապող հիվանդներին առաջարկում էին ցավող աչքերին քսել մեղր: Մաքուր սպիտակ մեղրամոմից ու կարագի խառնուրդից պատրաստում էին հատուկ քսուքներ, և դրանք օգտագործում էին այրվածքների և տարբեր վերքերի բուժման համար:
Մեղվի նորմալ ընտանիքը բաղկացած է երեք տեսակ անդամներից (անհատներից), որոնք տարբերվում են իրենց կատարած աշխատանքով, կազմությամբ, մեծությամբ, գույնով ու մի շարք այլ հատկանիշներով: Նորմալ ընտանիքը ունի մեկ մայր, որը փեթակում կատարում է բազմացման ֆունկցիա: Ընտանիքի մյուս հիմնական անդամը աշխատավոր մեղուն է (էգը), որի քանակը ամառվա ընթացքում կարող է հասնել մինչև 80 հազարի, երբեմն էլ` ավելի: Աշխատավոր մեղուները ունեն չզարգացած սեռական օրգաններ և զուրկ են բոռի հետ զուգավորվելու ընդունակությունից: Նրանք ընտանիքում կատարում են բոլոր տեսակի աշխատանքները: Գլխավոր մեղրաբերքից հետո աշխատավոր մեղվի քանակն աստիճանաբար պակասում է: Լեռնային շրջաններում աշնանը յուրաքանչյուր ընտանիքում մնում է շուրջ 15-20 հազար, իսկ դաշտային շրջաններում մոտ 12-15 հազար մեղու: Մեղվի ընտանիքում գարնան երկրորդ կեսից մինչև ամառվա երկրորդ կեսը առաջանում են բոռեր (արու), որոնց քանակը կարող է հասնել 11 հազարի: Բոռերն ընտանիքում ոչ մի աշխատանք չեն կատարում, բացի երիտասարդ մայրերին բեղմնավորելուց: Գլխավոր մեղրաբերքից հետո աշխատավոր մեղուները բոռերին ոչնչացնում են: Մեղվի ընտանիքում այս երեք տեսակի մեղուներն ապրում են որպես կենսաբանական և տնտեսական մեկ միավոր:
Հանրապետությունում բուծվում է կովկասյան մեղրատու մեղուներ: Այդ ցեղի մեղուները ունեն խաղաղ բնավորություն, սրանց հետ կարելի է աշխատել առանց քողի և ծխախոտի: Մարդկանց կամ կենդանիներին խայթելիս պտտվում են նրանց չորս կողմը և խայթում այն դեպքում, երբ նրանք շարժվում են: Կովկասյան մեղուներին կարելի է բաժանել երեք հիմնական խմբերի` ա) Կովկասյան լայնաթաթ մեղուներ: Այս խմբի մեղուները տարածված են եղել Հյուսիսային Կովկասում: Մի շարք տեղերում նրանք կորցրել են իրենց սկզբնական հատկությունները, որովհետև տրամախաչվել են մեծ մասամբ իտալական մեղուների հետ: Սրանց կնճիթի երկարությունը հասնում է 6,62-6,74 մմ-ի: բ) Կովկասյան լեռնային գորշ մեղուներ: Տարածված են Կովկասյան լեռնաշղթայում և Անդրկովկասի լեռնային շրջաններում, իրենց ցեղային հատկություններով այնքան էլ մաքուր չեն: Կնճիթի երկարությունը հասնում է 7-7,7 մմ-ի: Նրանք գորշ գույն ու հանգիստ բնավորություն ունեն: Իրենց բույնը լավ պաշտպանում են վնասատուներից և թշնամիներից: գ) Կովկասյան դեղին կամ հայկական դեղին մեղուներ: Տարածված են ՀՀ և ԱՀ դաշտավայրերում և ցածրադիր տաք շրջաններում: Աստիճանաբար բարձրանալով լեռնային բարձունքներ` որոշ շրջաններում նրանք խառնվել են լեռնային գորշ մեղուների հետ և կորցրել իրենց մի շարք բիոլոգիական հատկանիշները: Սրանք ունեն հանգիստ բնավորություն, ձագատվության ժամանակ գործում են մեծ քանակությամբ մայրաբջիջներ, կուտակում են մեծ քանակությամբ ակնամոմ և լավ են պաշտպանվում վնասատուներից ու թշնամիներից: Դեղին մեղուների կնճիթների երկարությունն առանձին շրջաններում հասնում է մինչև 7,2 մմ:
Մեղվի մթերքների արտադրությունը 2010-2017 թվականների դրությամբ ներկայացված է աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1
|
2010թ |
2011թ |
2012թ |
2013թ |
2014թ |
2015թ |
2016թ |
2017թ |
Մեղր,տ |
213.1 |
314.4 |
347.8 |
580.6 |
311.1 |
321.9 |
341.1 |
361.1 |
1 մեղվաընտանիքի միջին մեղվատվությունը |
10.4 |
14.5 |
13.1 |
20.0 |
12.7 |
12.2 |
12.7 |
13.9 |
ԱՀ-ում մեղվաընտանիքների քանակը 01. 01. 2018թ-ի դրությամբ ներկայացված է աղյուսակ 2-ում:
Աղյուսակ 2
Հ/հ |
Շրջաններ |
Անասնատեսակը |
Մեղվաընտանիք |
1 |
Ստեփանակերտ |
780 |
2 |
Ասկերան |
4558 |
3 |
Հադրութ |
2021 |
4 |
Մարտակերտ |
5133 |
5 |
Մարտունի |
3179 |
6 |
Շահումյան |
2451 |
7 |
Շուշի |
2088 |
8 |
Քաշաթաղ |
5933 |
Ընդամենը |
26143 |