Poultry farming
07/04/2018
Ժամանակակից արդյունաբերական թռչնաբուծությունը անասնաբուծության բարձր եկամտաբեր ճյուղերից է։ Այն մեր տնտեսությանը տալիս է բարձրորակ դիետիկ սննդամթերքներ՝ ձու և թռչունի միս։ Այս ճյուղի ինտենսիվացումը և մասնագիտացումը նպաստում են թռչնաբուծական տնտեսություններում գիտականորեն հիմնավորված տեխնոլոգիայի լայն կիրառմանը’ աշխատատար պրոցեսների լիակատար մեքենայացումով, առավել բարձր մթերատու հիբրիդային թռչունի օգտագործմանը, գիտության և առաջավոր պրակտիկայի նվաճումների կիրառմանը և տարեցտարի արտադրանքի յուրաքանչյուր միավորի համար աշխատանքի ու միջոցների նվազագույն ծախսով ամեն տարի թռչունի ձվի և մսի արտադրության տեմպերի աճին։
Թռչնաբուծությունը անասնաբուծության առավել վաղահաս ճյուղերից է։ Թռչունների ձվի և մսի արտադրության հաջորդական աճը բացատրվում է գլխավորապես թռչունի մթերատվության բարձրացումով, ինչպես նաև նրա գլխաքանակի ավելացումով: Սննդի ձվի և մսի արտադրության համար ավելի արդյունավետ է հիբրիդային թռչունը՝ ըստ մթերատվության և կենսունակության այն գերազանցում է ելքային գծերի մաքրացեղ թռչուններին։ Մաքրացեղ թռչունների բուծման համեմատությամբ հիբրիդացումը հնարավորություն է տալիս ավելի կարճ ժամանակում ավելացնել թռչնաբուծական մթերքների արտադրությունը, միաժամանակ իջեցնելով նրա ինքնարժեքը։ Գյուղատնտեսական թռչունը, բացի վաղահասությունից, աչքի է ընկնում նաև բարձր վերարտադրական հատկանիշներով, ինտենսիվ աճով, բարձր մթերատվությամբ ու կենսունակությամբ և արտադրանքի մեկ միավորին ընկնող կերերի համեմատաբար փոքր ծախսով։ Ունենալով ոչ մեծ սեփական կշիռ, բայց բարձր պտղատվություն, թռչունը, այլ տեսակի ընտանի կենդանիների հետ համեմատած, արտադրում է շատ մթերքներ։
Սննդային նպատակներով օգտագործում են հիմնականում հավի, լորի և խայտահավի ձվերը։ Հնդկահավերից, բադերից և սագերից ստանում են մսային արտադրանք։ Թռչունի ձուն եզակի դիետիկ մթերք է՝ բաղկացած լիարժեք սպիտակուցներից, ճարպերից, ածխաջրերից, վիտամիններից և հանքային նյութերից։ Ձուն պարունակում է 74%֊ից ավելի ջուր, 12֊ական % սպիտակուցներ ու ճարպեր և մոտավորապես 1-ական % ածխաջրեր ու անօրգանական նյութեր, ընդ որում ջրում լողացող թռչունների ձուն ցամաքային թռչունի ձվից մի փոքր ավելի հարուստ է ճարպով (13-14%) և աղքատ է ջրից։ Բարձր սննդարարությամբ և դիետիկ հատկություններով է բնութագրվում նաև գյուղատնտեսական թռչունի միսը։ Հավերի և.հնդկահավերի մսի մեջ կա մինչև 23 % պրոտեին, 17-24 % ճարպ և 71-74% ջուր, բադերի մսի մեջ` մինչև 23 % պրոտեին, 34 % ճարպ և 71 % ջուր, սագերի մսի մեջ` մինչև 16 պրոտեին, 46 % ճարպ և 47 % ջուր, խայտահավերի մսի մեջ` մինչև 23 % պրոտեին, 21 % ճարպ և 71 % ջուր։
Բացի այդ, թռչունից լրացուցիչ ստանում են փետուր, բմբուլ և կողմնակի արտադրանք’ թռչունի ծերտ։ Վերջինը չորացած ձևով օգտագործում են որպես կենդանիների կեր և արժեքավոր պարարտանյութ։ Թռչունի ինկուբացիայի և մորթի մնացորդները վերամշակում ու ստանում են բարձր սննդատու կերային և փետուրային ալյուր։
Ձվատվությունը գյուղատնտեսական թռչունի կարևորագույն մթերային հատկանիշն է։ Ձվային թռչնաբուծության մեջ հիմնական ապրանքային արտադրանքը որոշվում է ձվերի թվով։ Մսատու թռչնաբուծության մեջ թռչունի ձվատվությունից է կախված տնտեսությունում ճտերի ստացման, մատղաշների թվի և, հետևապես նաև’ թռչունի մսի արտադրությունը։ Ձվատվությունը պայմանավորված է հիմնականում արտաքին միջավայրի գործոններով, թռչունի ֆիզիոլոգիական վիճակով, նրա օրգանիզմում նյութափոխանակության ինտենսիվությամբ, ինչպես նաև ժառանգական հատկանիշներով։ Հավերի ձվատվության ժառանգելիության գործակիցը բարձր չէ, միջին հաշվով հավասար է 20-25%: Հետևաբար, այն արտաքին միջավայրի գործոնների ազդեցությամբ ենթակա է մեծ փոփոխականության։ Տարվա ընթացքում հավից ստանում են միջին հաշվով 230-250 ձու, լավագույն հիբրիդ ածան հավերից՝ 270 և ավելի ձու, իսկ առանձին հավերից’ 365 ձու, լորերից’ 200-300 ձու, բադերից’ 120-160 ձու, հնդկահավերից’ 80-120 ձու, խայտահավերից’ 80-150 ձու, սագերից 40-60 ձու։
Ձվային արտադրանք ստանալու համար արդյունաբերական հավերին պահում են տնտեսություններում ձվարկման տարվա ընթացքում, որը համապատասխանում է մոտավորապես թռչունի 17-18 ամսականին։ Արժեքավոր տոհմային թռչուններին պահում են 2-3 տարի։ Հավերի տարեկան ձվատվությունը, բացի արտաքին միջավայրի պայմաններից (կերակրում, պահվածք, շենքերի օդափոխությունը, լույսը, օդի ջերմաստիճանը և խոնավությունը), կախում ունի թռչունի ցեղից և գծից, նրա անհատական ժառանգական հատկանիշներից, տարիքից, սեռական հասունացումից (որոշված առաջին ձուն ածելու տարիքով’ օրերով հաշված), ձվարկման տևողությունից, ցիկլերի մեծությունից (ձվերի թիվը, որ հավը ածել է առանց ընդմիջումների տարվա ընթացքում ձվարկման դադարից, փետրափոխությունից, թուխս նստելու բնազդից և առողջական վիճակից։ Բարձր ձվարկման փոխանցման վրա ժառանգաբար ազդում է ինչպես մոր, այնպես էլ հոր օրգանիզմը։ Սակայն կարծում են, որ ձվատվության և սեռական հասունացման վրա ավելի մեծ ազդեցություն է գործում ոչ թե մոր, այլ հոր Ժառանգականությունը։ Թռչունների առաջին ձվի ածելը վկայում է այն մասին, որ նրա օրգանիզմը հիմնականում ավարտել է զարգացումը և արդեն սեռականապես հասունանում է։ Հավերը սկսում են ձու ածել 120-190 օրականից, հնդկահավերր և խայտահավերը՝ 190-240 օրականից, իսկ բադերը և սագերը 230-300 օրականից։ Հիբրիդային ածանները օրգանիզմի լավ աճի ու զարգացման դեպքում հետերոզիսի երևույթների հետ կապված բնութագրվում են ավելի վաղ սեռական հասունացումով: Հավերի միջին սեռական հասունացումը, որի դեպքում նրանք աչքի են ընկնում ամենաբարձր ձվային մթերատվությամբ, տեղի է ունենում 150-180֊րդ օրերին։ Լավ ածան են համարում ձվարկման ամենատևական ցիկլերով հավերին, այսինքն’ որոնք իրար ետևից առանց ընդմիջման ածում են 25-30 ձու։ Նրանց բնորոշ է նաև ձվարկման դադարի լրիվ բացակայությունը (կամ ոչ մեծ դադարները)։ Որպես կանոն, փետրափոխությունը սկսվելու հետ ձվատվությունն իջնում է և կարող է բոլորովին դադարել։ Որքան հաճախ և տևական է թռչունի փետրափոխությունը, այնքան ցածր է նրա մթերատվությունը։ Փետրափոխության ժամանակ ածող թռչունը կարող է լինել ավելի լավ այն թռչունից, որը դադարեցրել է ձվարկումը։ Սակայն դա տեղի է ունենում ոչ միշտ, որովհետև փետրափոխության ընթացքում շարունակվող ձվարկությունը դանդաղեցնում է փետրափոխության արագությունը:
Թռչունի թուխս նստելու բնազդի երևան գալը բացասաբար է աղդում նրա ձվատվության վրա, քանի որ այդ շրջանում ձվարկումը դադարում է։ Ձվատու ցեղի հավերը համարյա թուխս չեն նստում, թուխս նստելու բնազդը հաճախ ունենում են մսաձվատու և մսատու թռչունները: Բոլոր տեսակների և ցեղերի թռչունների ձվատվությունը տարիքի հետ իջնում է, բայց տվյալ դեպքում նշվում են նաև տեսակային տարբերությունները։ Հավերի ձվատվությունը ձվարկության առաջին ամիսներին միջին հաշվով կազմում է 30-40%, այնուհետև երկրորդ և երրորդ ամիսներին բարձրանում է՝ հասնելով ամենաբարձրին’ 80-90%֊ի, և ավելի՝ ձվարկության երրորդից մինչև յոթերորդ ամիսներին, որից հետո այն սովորաբար իջնում է։ Թռչունների ամենաբարձր ձվատվությունը լինում է ձվարկության առաջին տարում, սակայն սագերի ձվատվությունը ավելանում է կյանքի առաջին 2-3 տարիներին, այնուհետև նույնպես իջնում է։ Լավագույն պայմանների պահպանման դեպքում թռչունների պահվածքի ներկայումս կիրառվող ինտենսիվ եղանակները ազդեցություն չեն գործում նրանց ձվատվության վրա, այնպես որ հավերը միատեսակ լավ ածում են և վանդակային և հատակային պահվածքների դեպքում:
Ֆերմերային տնտեսություններում երեք տարածված եղանակներն են. ազատ զբոսանքային պահվածք (էքստենսիվ եղանակ), զբոսաբակային պահվածք (կիսաինտենսիվ եղանակ), հատակային պահվածք` չփոխվող խոր ցամքարի վրա (ինտենսիվ եղանակ):
Ներկայումս հանրապետությունում բուծվում է երևանյան ցեզի հավեր:
Երևանյան ցեղ: Երևանյան ցեղի թռչունները ստացվել են Հայաստանում ակադեմիկոս Ս. Կ. Կարապետյանի ընդհանուր ղեկավարությամբ։ Որպես ինքնուրույն ցեղ հաստատվել է 1973թ., ստացվել է տեղական հավերի և ռոդ-այլենդ, ավստրալորպ և նյու-հեմշիր ցեղի տրամախաչումների արդյունքում։ Փետրածածկը հիմնականում կարմրահարդագույն է (կազմում են ցեղի գլխաքանակի ավելի քան 95%-ը), իսկ թափահարող և ղեկային փետրածածկների ծայրերը սև են։ Այս ցեղի թռչուններն ունեն երկու տարատեսակ՝ մեկը կարմիր-հարդագույն է, մթերատվությունը մսային, մյուսը՝ սև է, ոսկեգույն բաշով ձվային տիպ։ Հավերի ձվատվությունը սկսվում է 6-6,5 ամսականից։ Միջին տարեկան ձվատվությունը կազմում է 180-200 ձու, հավերի կենդանի զանգվածը 2,2-2,4 կգ, աքաղաղներինը 3,3-3,5 կգ։
Ստորև ներկայացնում եմ 2010-2017 թթ. անասնագլխաքանակի աճի դինամիկան, մթերքների արտադրությունը և մթերատվությունը.
Թռչուններ |
2010թ |
2011թ |
2012թ |
2013թ |
2014թ |
2015թ |
2016թ |
2017թ |
Գլխաքանակ, (թև) |
312681 |
355764 |
357933 |
347907 |
342614 |
386638 |
354812 |
380140 |
Ձու (հազ. հատ) |
22734.3 |
22910.2 |
25850.5 |
29595.3 |
40462.0 |
40712.0 |
40658.4 |
40033.0 |
1 ածան հավի միջին ձվատվությունը, հատ |
144 |
134 |
144 |
147 |
193 |
190 |
216 |
217 |