|
ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՃՅՈՒՂ Է
Տավարաբուծությունը հանդիսանում է անասնաբուծության առաջատար ճյուղերից մեկ: Այն բնակչությանը մատակարարում է, որպես սննդամթերք, միս եւ կաթ : Արտաթորանքը հանդիսանում է պարարտանյութ, եւ այն կիրառելով ստացվում է էկոլոգիապես մաքուր բարձր բերք: Կովերից բարձր մթերատվություն ապահովելու, համեմատաբար ցածր ինքնարժեքով մթերքներ ստանալու, ինչպես նաեւ նրանց առողջական նորմալ վիճակը պահպանելու համար, անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել խնամքը, պահվածքը եւ կերակրումը: Կովերը պետք է պահվեն չոր, մաքուր եւ լուսավոր անասնաշենքերում ու գոմերում: Ոչ տոհմային կովերի կանգնելատեղը պետք է ունենա 1.1 մ լայնություն, 1.8 մ երկարություն եւ 2 սմ թեքություն. շատ թեք հատակները ցանկալի չեն: Կերամանը հատակից պետք է 15-20 սմ բարձր լինի. շատ բարձրը ցանկալի չէ , որովհետեւ ավելանում է կերի կորուստը: Կերամանի երկարությունը պետք է լինի 110 սմ , լայնությունը` 40 սմ , բարձրությունը` դեպի կենդանու կողմը` 30-35 սմ, իսկ առաջնային մասը` 70սմ : Կարեւոր նշանակություն ունի անասնաշենքի լուսավորվածությունը, որի բնական լուսավորվածությունն ապահովում են պատուհանների միջոցով` 1:12 , այսինքն` 12մ2 մակերես հատակին բաժին է ընկնում 1մ2 պատուհան: Անհրաժեշտ է գլխաքանակի հաշվառմամբ պայմաններ ստեղծել օդափոխության համար, հոգ տանել մաշկի եւ սմբակների նկատմամբ` հատկապես մսուրային շրջանում: Գարնանը եւ աշնանը տեւական անձրեւոտ եղանակներին կարեւոր նշանակություն ունի կճղակների մաքրումը ցեխից եւ կանգնելատեղում ոտքերի հպման մասում փայտի մոխիրի ցանումը հաստ շերտով , որը ոչ միայն ախտահանիչ նշանակություն ունի, այլեւ կլանում է խոնավությունը: Տեղական պայմաններում կովերի կերակրման համար առավել հեշտ հայթայթվող կերերից են` խոտը, ծղոտը, ցորենը եւ գարին, իսկ տաք եղանակներին հիմնական կերը հանդիսանում է արոտի կանաչը: Բարձրարժեք խոտ ստանալու համար հնձման ժամկետը պետք է համապատասխանի գերակշռող բույսերի ծաղկման ժամանակաշրջանին: Ծղոտի ուտելիությունը բարձրացնելու համար խորհուրդ է տրվում աղաջուր ցանել: Հատիկային կերերը պետք է տալ մանրացված ձեւով: Կերերը մսուրային շրջանում կերաբաժնում պահանջվում է բաշխել հետեւյալ տոկոսային հարաբերությամբ` խտացրած(գարի, ցորեն)` 30%, խոտ` 60%, ծղոտ` 10%: Եթե անասնատերը հնարավորություն ոնի հյութալի կեր (ճակնդեղ , կարտոֆիլ) տալու , ապա այն անհրաժտ է բաշխել` 10-20%-ով պակասեցնելով խոտի եւ խտացրած կերի քանակը : Արոտային շրջանում կերաբաժնի 20%-ի չափով պետք է տալ խտացրած կեր, մնացած 80 %-ը լրացնել արոտի հաշվին: Նշենք մի շարք կերերի սննդարարությունը, որոնց միջոցով հեշտ կլինի կազմել կերաբաժինները. դրանցից, օրինակ, գարին կազմում է 1.15 ,ցորենը` 1.2 , ցորենի թեփը` 0.7, եգիպտացորենը` 1.33, խոտը` 0.45, ծղոտը` 0.2, արոտի կանաչը` 0.25, ճակնդեղը` 0.15, կարտոֆիլը` 0.3 կերամիավոր: Միայն ճիշտ կերակրման եւ պահվածքի դեպքում է հնարավոր ստանալ բարձր կաթնատվություն` մինչեւ 10 ծնի ընթացքում: Մինչեւ 6-րդ ծինը կովերի կաթնատվությունը հիմնականում ավելանում է , իսկ 6-րդ ծնից հետո սկսում է իջնել, որովհետեւ սկսվում է ծերության եւ մարման շրջանը: Կովերի ճիշտ կթելը նպաստում է ոչ միայն կաթի արտադրության ավելացմանն, այլեւ` կրծի մարզմանը, նրանում գեղձային հյուսվածքի զարգացմանը: Միեւնույն ժամանակ կովերի կթելը հանդիսանում է դժվար, աշխատատար պրոցես եւ անասնապահից պահանջում է որոշակի հմտություն: Տնային պայմաններում տնտեսությունում մեկ կամ մի քանի կովեր պահելիս նրանց կթում են կամ ձեռքով կամ մեքենայի միջոցով: Գործնականում կիրառում են կովերի ձեռքով կթելու երկու ձեւ` բռնցքակիթ եւ մատնակիթ: Ընդ որում` առավելությունը պետք է տալ բռնցքակիթին, որովհետեւ այդ ձեւով ոչ միայն բարձր է աշխատանքի արտադրողականությունն ու կաթնարտազատումն, այլեւ համեմատաբար քիչ հոգնեցուցիչ է կթվորի համար: Մատնակիթը ստիպված կիրառում են միայն այն դեպքում, երբ կովն ունի շատ կարճ կամ բարակ պտուկներ եւ չափազանց ցածրակիթ է: Խորհուրդ չի տրվում նորմալ զարգացած պտուկներով եւ բարձրակիթ կովերին կթել մատնակիթ ձեւով, որովհետեւ այն առաջ է բերում պտուկների ձեւախախտում /դեֆորմացիա/, ցավի զգացում, ուստի` բացասաբար է անդրադառնում կաթնատվության վրա: Առավել արագ եւ կաթի լրիվ արտազատման նպատակով խորհուրդ է տրվում կատարել կրծի մերսում /մասսաժ/ կթելուց առաջ` նախապատրաստական եւ ավարտելուց հետո` եզրափակիչ: Եզրափակիչ մերսումը կատարում են, երբ կաթի հիմնական քանակն արդեն կթված է, կիրառելով նույն վարվելաձեւը, ինչպես նախապատրաստականի դեպքում: Եզրափակիչ մերսումը նպաստում է կթելու վերջում յուղով հարուստ կաթի ակտիվ արտաբերմանը: Մեր հանրապետությունում լեռնային արոտների առկայությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում տավարի արոտաբտման համար: Այդ 4-5 ամիսների ընթացքում մատղաշի կենդանի զանգվածն ավելանում է 40-50% եւ ավելի: Արոտաբտումը տնտեսապես առավել ձեռնտու է: Այն պարունակում է օրգանիզմի նորմալ աճի ու զարգացման համար անհրաժեշտ բոլոր սննդարար նյութերը, ինչպես նաեւ վիտամիններ, ֆերմենտներ, միկրոտարրեր եւ կենսաբանական ակտիվ այլ նյութեր: Ինչպես տավարաբուծությունում այնպես էլ անասնաբուծության մնացած ճյուղերի բուծման ժամանակ պետք է պլանային ձեւով կատարել անասնաբուժական կանխարգելիչ բոլոր միջոցառումները: Ներկայացնում ենք տավարաբուծությունում հաճախակի հանդիպող ոչ վարակիչ բնույթի որոշ հիվանդություններ` ԸՆԿԵՐՔԻ ՊԱՀՈՒՄ Ընկերքը` արգանդում պտղին շրջապատող թաղանթներն են, որոնք կովերի մոտ պտղի դուրս գալուց 2-3 ժամ հետո պետք է անջատված, հեռացված լինեն: Իսկ, եթե այդ ժամանակաընթացքում չեն անջատվում, ապա այն համարվում է հիվանդություն` ընկերքի պահում: Այն կարող է լինել լիակատար, եթե երեք թաղանթներն էլ ծննդուղիներից չեն հեռանում, եւ մասնակի, եթե արգանդի խոռոչում մնում են առանձին հատվածներ: Պատճառները — արգանդի կծկումների թուլությունը եւ պտղային պլացենտայի սերտաճումը մայրականի հետ հանդիսանում են ընկերքի պահման անմիջական պատճառ: Որպես նախատրամադրող գործոն` մեծ նշանակություն ունեն կովի պահվածքի պայմանները. զբոսանքը մինչեւ հղիության վերջին օրերը, կանխարգելում է ընկերքի պահումը: Որպես նախատրամադրող, պետք է գնահատել բոլոր այն գործոնները, որոնք իջեցնում են արգանդի մկանակարգի եւ ծննդկանի ամբողջ մարմնի տոնուսը /հյուծում, ճարպակալում, կերաբաժնում հանքային նյութերի պակասություն, մեծ պտուղը, կովերի մոտ երկվորյակները/: Պլացենտաների սերտաճման հիմքում սովորաբար ընկած է լինում վարակիչ հիվանդությունը: Ախտորոշումը — դժվար չէ: Անասնատերը հետեւում է ընկերքի ընկնելուն եւ, եթե այն չի անջատվում 3 ժամվա ընթացքում, պետք է դիմել սպասարկող անասնաբույժին, քանի որ ընկերքը արգանդում երկար մնալուց նեխում է, կովի մոտ առաջացնելով շատ ծանր հիվանդություն, մինչեւ անգամ արյան վարակ: Բուժման համար առաջարկված են զանազան եղանակներ, որը կատարում է անասնաբույժը: Կարեւոր է կանխարգելումը, որը անասնատիրոջ պարտականությունն է, բացառությամբ վարակիչ պատճառների դեպքերից: Որպես կանխարգելման միջոց, պետք է կարգավորել պահվածքը /զբոսանքը/, կերակրումը: Պտուղը ծնվելուց հետո պետք է դնել մոր առաջ` լիզելու եւ չորացնելու համար, կովին տալ 0.5 կգ շաքարավազ` 2 լիտր ջրում լուծված վիճակում: ԿԵՐԱԿՐԱՓՈՂԻ ԽՑԱՆՈՒՄ Այս հիվանդությամբ հաճախ հիվանդանում են խոշոր եղջերավոր անասունները: Խցանումը կարող է լինել լրիվ կամ մասնակի: Պատճառները — արմատապալարապտուղների /ճակնդեղ, կարտոֆիլ, գազար/ մեծ կտորները, որոնք չեն անցնում կերակրափողով, խցանում են այն: Պատճառ կարող են լինել նաեւ շորի լաթերը, բուրդը, բամբակը եւ այլն, որոնք կովերը կուլ են տալիս նյութափոխանակության խանգարումների ժամանակ: Երկրորդային պատճառներն են կերակրափողի նեղացումը, նրա սպաստիկ կծկումները, պարեզը: Կլինիկական նշանները — կենդանիները կերակրման ժամանակ անհանգստանում են, դադարում են կեր ընդունելուց եւ որոճելուց, սկսվում է թքահոսություն, առաջանում է կտրիչի փքանք: Եթե խցանումը կերակրափողի պարանոցի հատվածում է, ապա արտաքինից երեւում եւ շոշափվում է օտար մարմնից առաջացած ուռուցքը, իսկ եթե կրծքավանդակի հատվածում է, զոնդահարելիս զոնդը դեմ է առնում եւ նախաստամոքս չի հասնում: Ոչ լրիվ խցանման ժամանակ թքահոսություն, փքանք կարող են չլինել, ջուրը եւ ջրալի կերերը անցնում են նախաստամոքսները: Ելքը կախված է տեղադրումից եւ բուժման միջոցառումների շտապ ու անթերի կազմակերպումից: Պետք է դիմել անասնաբույժին եւ չփորձել փայտե ձողերի օգնությամբ այն հրել դեպի ստամոքս: Բուժումը — սուր փքանքը եւ դրանից առաջացած շնչահեղձությունը կանխելու համար ծակել կտրիչի պատը: Եթե այն մոտ է ըմպանին` կարելի է ձեռքով հեռացնել օտար մարմինը: Եթե պարանոցային մասում է, կենդանուն խմեցնել 300-500 մլ ձեթ, ապա դրսից սեղմել օտար մարմինը դեպի ըմպան եւ հանել ձեռքով: Միջին եւ ստորին մասի խցանման դեպքում զոնդով օտար մարմինը հրում են դեպի նախաստամոքսները: Կանխարգելումը- մինչեւ արմատապալարապտուղներով կերակրելը կենդանիներին տալ խոտ, որից հետո լավ մանրացրած ճակնդեղ, կարտոֆիլ եւ այլն: ԿՏՐԻՉԻ ՍՈՒՐ ՓՔԱՆՔ Սրա ժամանակ նախաստամոքսներում արագ կուտակվում են մեծ քանակությամբ գազեր, որից եւ կենդանու մոտ նորմալ ֆիզիոլոգիական պրոցեսները խախտվում են: Պատճառները — կարող են լինել բոլոր այն կերերը, որոնք ենթակա են արագ խմորման /երեքնուկ, առվույտ, կորնգան, ոսպ, վիկ/, ածխաջրածներով հարուստ կերերից` եգիպտացորենի, կաղամբի, ճակնդեղի, գազարի եւ կարտոֆիլի փրերը: Երկրորդական պատճառ կարող է հանդիսանալ կերակրափողի խցանումը: Հիվանդության նշանները — որովայնը արագ մեծանում է, դուրս է ցցվում ձախ սովափոսը: Այդ հատվածը բախելիս լսվում է թմբուկային ձայն: Կտրիչի շարժումներ եւ բղկոցներ չեն լինում, գազերը ճնշում են ստոծանուն եւ խախտում թոքերի ու սրտի նորմալ աշխատանքը, որի հետեւանքով առաջանում է հեւոց եւ լորձաթաղանթների կապտություն, կարող է տեղի ունենալ շնչահեղձություն` մահ: Ախտորոշում են անամնեզի տվյալների, լավ արտահայտված փքանքի եւ հեւոցի հիման վրա: Բուժումը ժամանակին կատարելուց սուր փքանքը արագ վերանում, կենդանին առողջանում է: Խմորման պրոցեսները դադարեցնելու նպատակով տալ 15-20գ իխթիոլ, 3-10գ լիզոլ, 10-15գ ֆորմալին` 1 լ ջրում լուծել եւ շշով խմեցնել: Մինչեւ անասնաբույժի գալը օգնությունը կարող է կատարել անասնատերը, խմեցնելով 2-3լ թարմ կաթ: Անասնաբույժը կարող է զոնդահարել կտրիչը եւ լվանալ: Ծայրահեղ դեպքում դիմում են կտրիչի պատը ձախ սովափոսից տրոակարով ծակելու եւ գազերը դուրս բերելուն: Կանխարգելումը — Վաղ գարնանը առավոտյան, նախքան արոտ տանելը կենդանիներին տալ չոր խոտ, չափավոր քանակությամբ խտացրած կերեր: Վաղ առավոտյան ցողի ժամանակ չարածեցնել առվույտի, երեքնուկի դաշտերում: ԴԻՍՊԵՊՍԻԱ (անմարսություն) Հիվանդանում են գլխավորապես նորածին հորթերը: Պատճառները — գլխավոր պատճառը հղիության շրջանում նյութափոխանակության պրոցեսների խանգարումներն են, որոնք առաջանում են ոչ լիարժեք կերակրումից: Լուրջ պատճառներ են հանդիսանում հետծննդյան շրջանում մատղաշի ուշ կերակրումը, կերաբաժնի արագ փոփոխումը, անորակ եւ սառը կաթով կերակրումը ու նորմալ աճի համար պահանջվող այլ պայմանների խախտումները: Ախտանիշները — ուժեղ ընկճվածության դեպքում հորթը կերից լրիվ հրաժարվում է, առաջանում է ուժեղ փորլուծ: Կղկղանքը արտաթորվում է հաճախակի ու փրփրախառն: Նկատվում է լորձաթաղանթների եւ մաշկի չորություն, շնչառության արագացում, սրտի աշխատանքի խանգարում: Թունավոր դիսպեպսիայի դեպքում կենդանու ջերմությունն արագ ընկնում է, առաջանում են նյարդային երեւույթներ, կենդանին ակամա արտաթորում է, կղկղանքը լինում է ջրիկ եւ գարշահոտ, լորձաթաղանթները սակավարյուն, շնչառությունը դժվարացած, աչքերը փոս ընկած, մարմնի ծայրամասերը` վերջավորությունները, ականջները, դունչը` սառած: Ընթացքը — հորթերի մոտ դիսպեպսիան կարող է տեւել մի քանի ժամից 2-3 օր: Կանխագուշակումը — թունավոր դիսպեպսիայի ելքը անբարենպաստ է, իսկ մյուս ձեւերինը կարող է լինել բարենպաստ: Ախտորոշումը — կատարվում է ըստ կլինիկական նշանների եւ դիահերձումից ստացված տվյալների` նկատի ունենալով նաեւ տնտեսությունում կենդանիների կերակրման, խնամքի եւ պահվածքի պայմանների խախտումները: Բուժումը — կատարել համալիր ձեւով: Խիստ կարեւորություն տալ կիսաքաղց դիետային, պայքարել օրգանիզմի ջրազրկման դեմ, հակաբիոտիկաբուժում, սուլֆանիլամիդային պատրաստուկների օգտագործում: Հիվանդությունը կանխելու նպատակով պետք է լավ հիմքերի վրա դրնել կենդանիների խնամքը ու կերակրումը, լուրջ ուշադրություն դարձնել կերակրման սանիտարական պայմաններին: Նորայր ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ ԼՂՀ գյուղնախարարության անասնաբուծության վարչության պետ, անասնաբուժական գիտությունների թեկնածու |