ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ,
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ, ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Ավանդական գյուղատնտեսությունից բացի՝ շատ երկրներում զարգանում է այլընտրանքային գյուղատնտեսությունը, որն ունի տարբեր ուղղություններ և անվանումներ. օրգանական, օրգանակենսաբանական, բիոդինամիկ, «բնությանը մոտ» և այլն: Օրգանական գյուղատնտեսությունը մի համակարգ է, որի նպատակն է գյուղատնտեսական մթերքների արտադրության տնտեսական շահավետությանը զուգընթաց ուշադրություն դարձնել բնապահպանական հիմնախնդիրներին: Օրգանական գյուղատնտեսությունը չի կիրառում սինթետիկ քիմիական միացություններ, հանքային պարարտանյութեր, թունաքիմիկատներ, արհեստական խթանիչներ և շեշտադրումը կատարում է օրգանական ծագման պարարտանյութերի` գոմաղբի, կենսահումուսի, տորֆի` բուսական մոխրի, կոմպոստների վրա, որոնք պարունակում են բույսերին անհրաժեշտ բոլոր սննդատարրերը և միաժամանակ հարստացնում են հողը օրգանական նյութերով, նպաստում հողի բերրիության բարձրացմանը և կառուցվածքի բարելավմանը, իսկ բույսերի հիվանդությունների` վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարում ոչ թե թունաքիմիկատներով` բուժանյութերի և պեստիցիդների, այլ կենսաբանական պայքարի մեթոդների` բուսական թուրմերի կիրառման օգնությամբ:
Օրգանական սննդամթերքի ամենամեծ արժեքն այն է, որ այն անվտանգ է առողջության համար, ավելի շատ վիտամիններ, հանքային աղեր և այլ սննդարար տարրեր է պարունակում, զերծ է վնասակար քիմիկատներից, որոնք վերամշակված սննդամթերքում օգտագործվում են որպես սննդային, համային հավելումներ և կոնսերվանտներ, բացի դա այն ապահովում է մարմնի նորմալ քաշ, բարենպաստ ազդեցություն ունի մարդու ընդհանուր առողջության վրա: Զերծ լինելով քիմիական նյութերից և հավելումներից՝ այն օգտակար է հատկապես երեխաների համար: Օրգանական սննդամթերք օգտագործելիս ավելի քիչ է վտանգավոր հիվանդություններով վարակվելու հավանականությունը, քանի որ այս սննդամթերքում ավելի քիչ կարելի է հանդիպել վնասակար միկրոօրգանիզմներ:
ԼՂՀ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆՈՐՄԱՏԻՎԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԸ (ՀԱՄԱԿԱՐԳԸ)
ԼՂՀ-ում արդեն իսկ ձևավորվել են օրգանական գյուղատնտեսության ստեղծման իրավական հիմքերը: ԼՂՀ Ազգային ժողովի կողմից 2015 թվականի փետրվարի 26-ին ընդունվել է «Օրգանական գյուղատնտեսության մասին» ԼՂՀ օրենքը, որը կարգավորում է oրգանական գյուղատնտեuական մթերքի և հումքի արտադրության, պահպանման, վերամշակման, փոխադրման, իրացման, ինչպեu նաև` վայրի բույuերի մթերման հետ կապված հարաբերությունները, uահմանում oրգանական գյուղատնտեuության վարման իրավական հիմքերը, uկզբունքները, ոլորտի պետական կարգավորումը, արտադրանքի շրջանառությանը ներկայացվող հիմնական պահանջները, պետական աջակցության ուղղությունները և լիազոր մարմնի պարտավորությունները:
ԼՂՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 18-ի N 229-Ն և N 230-Ն որոշումներով սահմանվել է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների գրանցամատյանի և օրացուցային գրանցումների վարման կարգը, հաստատվել է օրգանական գյուղատնտեսության արտադրանքի, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանում (սովորականից օրգանական գյուղատնտեսություն անցման փուլ) գտնվող արտադրանքի մակնշման և պիտակավորման կարգը, նաև սահմանվել է օրգանական գյուղատնտեսության մեջ պարարտանյութերի, հողի կառուցվածքի բարելավման և բույսերի պաշտպանության միջոցների, ախտահանող նյութերի թույլատրելի և սահմանափակ թույլատրելի նյութերի անվանացանկերը և նյութերի կիրառման կարգերը:
Օրգանական գյուղատնտեսության բնագավառում շարունակվում են նորմատիվաիրավական բազայի համալրման աշխատանքները:
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ
Բնագավառում սերտիֆիկացման մարմին է հանդիսանում «ԷԿՈԳԼՈԲ» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է միջազգային ճանաչում ունեցող օրգանական գյուղատնտեսության և սննդամթերքի արտադրության սերտիֆիկացման մարմին, հիմնվել է 2002 թվականին, ոլորտի առաջատարն է ՀՀ-ում, ԱՊՀ, Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Միջին Ասիայի, ինչպես նաև այլ զարգացող շուկաների տարածաշրջանում: Կազմակերպությունը աջակցում է տեղական օրգանական շուկաների զարգացմանը և բացում է դռները դեպի միջազգային օրգանական սննդամթերքի շուկաներ:
Օրգանական գյուղատնտեսությունը ՀՀ-ում արդեն 12 տարվա պատմություն ունի («ԷԿՈԳԼՈԲ» ՍՊԸ-ն ևս):
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան եզրին՝ Փոքր Կովկասի հարավ-արևելքում: ԼՂՀ ընդհանուր տարածքը կազմում է 1143,27 հազ.հա, որից գյուղատնտեսական նշանակության հողեր 592,68 հազ. հա (վարելահողեր՝ 137,82 հազ. հա, բազմամյա տնկարկներ՝ 9.78 հազ. հա, խոտհարքներ՝ 36.01, արոտներ՝ 376,17 հազ. հա, այլ հողատեսքեր՝ 32.90 հազ. հա):
ԼՂՀ տնտեսական զարգացման և աճի կայուն տեմպերի ապահովման նպատակով, ելնելով բնապահպանական պահանջների պահպանման և ռացիոնալ բնօգտագործման սկզբունքներից, հնարավոր է օրգանական գյուղատնտեսության իրականացումը հիշյալ տարածքների մի մասում: Հետպատերազմյան շրջանից հետո ԼՂՀ-ում վերջին 10 տարիների ընթացքում են սկսել գյուղատնտեսական նշանակության վարելահողերը պարարտացնել, ուստի, դժվարություն և տարիներ չի պահանջվի ավանդականից օրգանական գյուղատնտեսությանը անցում կատարելու համար: