|
Սննդի անվտանգության խնդիրներ
ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ներկայումս անհրաժեշտ է միջազգային (մասնավորապես` Եվրամիության) չափանիշներին համապատասխան սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի ներդրում: Քաղաքակիրթ երկրները ձգտում են ապահովել իրենց բնակչության բարեկեցությունը, սննդամթերքի արտադրությունը դարձնել տնտեսության կենսունակ և բարգավաճ հատված, հասկանալով այն պարզ ճշմարտությունը, որ սննդամթերքը հանդիսանում է մարդու առաջին անհրաժեշտ պահանջմունքը: Ազգի առողջությունը և նրա ինտելեկտը /մտավոր ուժը/ կախված է նրա կողմից սպառվող սննդամթերքի քանակից և որակից: Առողջ ազգ ունենալու կարևոր նախապայմաններից մեկը առողջ սնունդն է, որը սոցիալական բազում խնդիրներ ունեցող մեր հասարակության համար հաճախ հետին պլան է մղվում: Շատերի համար առաջնային է սննդի ոչ թե անվտանգ, այլ էժան լինելը: Սակայն եթե հասարակությունը միշտ չէ, որ մտահոգ է սեփական առողջությամբ և սննդի անվտանգության խնդիրներով, ապա պետությունը պարտավոր է մտածել այդ մասին` հսկողություն և վերահսկողություն սահմանելով երկրում արտադրվող, վաճառվող, ինչպես նաև ներմուծվող ու արտահանվող սննդամթերքի նկատմամբ: Բնակչության սպառման համար մատակարարվող սննդամթերքի անվտանգության ապահովման խնդիրը համարվում է մեր երկրի պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը: Այս մոտեցումն է ամրագրված դեռևս 2003թ. ընդունված ՙՊարենային անվտանգության ապահովման մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության համակարգը դեռևս լիարժեք չի երաշխավորում բնակչության առողջության համար սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների կանխարգելումը և այդ առումով առկա են մի շարք լուծում պահանջող հիմնահարցեր, ուստի արդիական է դառնում երկրում միջազգային (մասնավորապես` Եվրամիության) չափանիշներին համապատասխան սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի ներդրման պահանջը: Միջազգային փորձ ցույց է տալիս, որ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման համար կարևոր նախապայմանը սպառողների առողջության համար սննդամթերքի հնարավոր վնասակար ազդեցությունից պաշտպանության նպատակով սննդի շղթան` արտադրությունից մինչև սպառում` որպես մեկ միասնական ամբողջություն դիտարկելն է (ՙֆերմայից մինչև պատառաքաղ՚ կամ ՙդաշտից մինչև սեղան՚ սկզբունքի կիրառումն է): Այս նախապայմանի ապահովման համար մի շարք երկրներ արտադրությունից մինչև վերջնական սպառումը սննդի շղթայի բոլոր փուլերում բուսական և կենդանական ծագման սննդամթերքի անվտանգությանն առնչվող գործառույթները կենտրոնացրել են մեկ կառույցում, ինչը բացառել է այդ գործառույթների կրկնորդումը այլ կառույցների կողմից, ինչպես նաև նպաստել է դրանց առավել արդյունավետ իրականացմանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում միջազգային (մասնավորապես` Եվրամիության) չափանիշներին համապատասխան սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի ներդրումը նվազագույնի կհասցի սննդային գործոնով պայմանավորված առողջության վրա ազդեցության ռիսկերը` անկախ սննդամթերքի միանգամյա կամ շարունակական օգտագործումից, ինչպես նաև կխթանի տեղական արտադրության սննդամթերքի արտահանման պոտենցիալը: |