|
2021 թվականին բուսաբուծության ոլորտում իրականացված ծրագրերը և դրանց արդյունքները
28/12/2021 2021 թվականի բերքի տակ հանրապետությունում իրականացվել է 22287,4 հա աշնանացան և գարնանացան հասկավոր հացահատիկային մշակաբույսերի ցանքս, որից ցորեն՝ 10928,5 հեկտար, գարի՝ 9801,8 հեկտար և հաճար՝ 1557.1 հեկտար:
Փաստացի հնձվել է 18759,9 հա ցանքատարածք, համախառն բերքը կազմել է 12861,4 տոննա՝ 6,9 ց/հա միջին բերքատվությամբ:
Ցածր ցուցանիշները մեծապես պայմանավորված են նախ՝ պատերազմի պատճառով ցանքսի աշխատանքների ուշացմամբ, ապա՝ անբարենպաստ բնակլիմայական ու եղանակային երևույթներով, ինչպես նաև հողօգտագործողների կողմից մշակաբույսերի մշակության տեխնոլոգիաներին ոչ լիարժեք տիրապետմամբ:
«Արցախի Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակում ընթացիկ տարում իրականացվել են հետևյալ միջոցառումները.
ջերմատնային տնտեսությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական աջակցության տրամադրման միջոցառման շահառու են հանդիսացել հանրապետության 31 համայնքների թվով 168 հողօգտագործողներ: Ջերմոցների ընդհանուր մակերեսը կազմել է 47 751 քառակուսի մետր, որից ջեռուցվող՝ 20 831 և չջեռուցվող՝ 26 920: Աջակցության չափը 1 քառ. մետրի դիմաց ջեռուցվող ջերմատան պարագայում կազմել է 600 դրամ, չջեռուցվող ջերմատան պարագայում՝ 300 դրամ,
բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական աջակցության տրամադրման միջոցառման շահառու են հանդիսացել հանրապետության 52 համայնքների թվով 198 հողօգտագործողներ: Ցանքատարածքների ընդհանուր մակերեսը կազմել է 410 հա: Աջակցության չափը 1 հա դիմաց կազմել է 300 հազար դրամ: Հատկանշական է, որ աջակցությունը տրամադրվել է նվազագույնը 0.25 հա մակերեսի մշակության պայմանով,
այգեգործության զարգացման խթանման նպատակով մասնակի սուբսիդավորվել է տնկիների արժեքը՝ առավելագույնը 1000 դրամի չափով: Միջոցառման շրջանակում հանրապետության թվով 30 համայնքներում 87 շահառուի կողմից հիմնվել են շուրջ 151 հա նոր պտղատու և հատապտղատու այգիներ,
ծխախոտի բերքի իրացման դիմաց թվով 27 շահառուներ ստացել են լրավճար՝ 1 կգ-ի դիմաց 20 դրամի չափով: Ընդամենը մթերվել 1 166 տոննա բերք՝ 158,6 հա ծխախոտի ցանքսերից,
բազմամյա կերային մշակաբույսերի մշակության դիմաց ևս տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ 1 հա դիմաց 50 հազար դրամի չափով: Միջոցառման շահառու են դարձել թվով 73 հողօգտագործողներ, մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 276 հա:
Նոր ջերմատնային տնտեսություն կառուցող անձանց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրման միջոցառմամբ՝ նվազագույնը 100 քառ. մետր մակերեսով (մեկ ամբողջական տարածքով) ավանդական եղանակով կառուցված ջերմատներին 1 մետրի հաշվով հատկացվել է 8000 դրամ աջակցություն, իսկ նվազագույնը 500 քառ. մետր մակերեսով (մեկ ամբողջական տարածքով) ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատնային տնտեսության հիմնման դեպքում 1 մետրի հաշվով՝ 22 000 դրամ աջակցություն:
Նշված միջոցառման շահառու են հանդիսացել 82 հայտատուներ, որոնց կողմից հիմնվել են, ընդհանուր առմամբ, 26 441 քառ. մետր նոր ջերմատնային տնտեսություններ, այդ թվում՝ 24 079 քառ. մետրը՝ ավանդական եղանակով և 2 362 քառ. մետրը՝ ժամանակակից:
Նշենք, որ «Արցախի Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման ծրագրից» բխող միջոցառումները կլինեն շարունակական նաև 2022 թվականին:
Հ.Գ. Լուսանկարները՝ ԱՀ ԷԳՆ աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության աշխատակիցների՝ ջերմոցների և այգիների դիտարկման վերջին օրերի աշխատանքներից:
|