Փոխվելու է գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը (կայացավ ԱՀ ԳՆ ամենամյա խորհրդակցությունը)
02/02/2018
Փետրվարի 1-ին ԱՀ գյուղատնտեսության նախարարության նիստերի դահլիճում կայացավ ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2017 թվականին գյուղոլորտում իրականացված աշխատանքներին և ընթացիկ գյուղատնտեսական տարվա խնդիրներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԳՆ համակարգի բոլոր պատասխանատուները:
Բացման խոսքում նախարար Ժիրայր Միրզոյանը նշեց, որ Արցախի գյուղատնտեսության համար 2018-ը լինելու է առանձնահատուկ տարի՝ ոչ միայն նախանշված աշխատանքների ծավալի առումով, այլև պայմանավորված այն հանգամանքով, որ մոտ օրերս կընդունվի գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը, ինչը կնախանշի և՛ զարգացման նոր ուղղություններ, և՛ գյուղոլորտի պատասխանատուների կողմից նոր մոտեցումների որդեգրում, և՛ հարկ կլինի սահուն անցում կատարել ծրագրային և իրավական փոփոխություններին:
Հայեցակարգի ընդունմամբ ամբողջապես փոխվելու է գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը: Հետևաբար, ընդգծեց նախարարը, արմատական փոփոխություններ պիտի կրեն գյուղոլորտում ներգրավվածների և ոլորտի պատասխանատուների մոտեցումները:
-Այսուհետ մենք համակողմանի աջակցություն ենք ցուցաբերելու այն հողօգտագործողին, անասնաբուծության ոլորտում ներգրավված այն տնտեսավարողին, ով պատրաստ կլինի գյուղատնտեսություն վարել ժամանակակից մեթոդներով ու տեխնոլոգիաներով, վարել կանոնակարգված, ինտենսիվ գյուղատնտեսություն,-նշեց Ժ. Միրզոյանը:
Համաձայն օրակարգի, ելույթներով հանդես եկան գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Տիգրան Առստամյանը, Վիլեն Ավետիսյանը, Տիգրան Ծատրյանը և ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Համլետ Ապրեսյանը, ովքեր ներկայացրին իրենց կողմից համակարգվող ոլորտների կողմից 2017 թվականին իրականացված աշխատանքները և նախանշեցին 2018-ի անելիքները:
Անդրադառնալով բանախոսների ելույթներին, նախարարն ընգծեց հատկապես անասնաբուծության ոլորտի կարգավորման գերխդիրը: Նա կարևորեց խնդրի կարգավորման գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների և տեղերում գյուղոլորտի պատասխանատուների դերն ու սերտ համագործակցության անհրաժեշտությունը:
Խոսելով գարնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին՝ Ժիրայր Միրզոյանը նշեց, որ նախարարությունը հողօգտագործողների կողմից ստացել է 18 տեսակի մշակաբույսերի սերմացուի հայտեր՝ հավելելով, որ այդ ցուցակից, հիմք ընդունելով նպատակահարմարությունը, հանվել են գարնանացան ցորենը, գարին, հաճարը, կարտոֆիլը և եգիպտացորենը: Եթե ցորենի, գարու և հաճարի մասով ամեն ինչ պարզ է՝ արդեն վաղուց լայն տարածում գտած այս կուլտուրաների մշակությունն օժանդակության կարիք չունի, ապա կարտոֆիլի մասով նախատեսվում է օժանդակություն դրամաշնորհի տեսքով:
-Ստացվել է շուրջ 4000 հա-ի վրա եգիպտացորենի մշակության համար սերմացուի հայտ: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկնարկած գյուղատնտեսական տարում տեղումների քանակն աննախադեպ ցածր է, նման պայմաններում եգիպտացորենի մշակությունն արդեն ավելի քան ռիսկային է դառնում: Եվ մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հենց որոշեցինք հրաժարվել եգիպտացորենի մշակությանն օժանդակելուց,-հավելել է Ժ. Միրզոյանը:
Աշնանացանի կապակցությամբ էլ նախարարը նշեց, որ նախորդ տարվա համեմատությամբ այս տարվա աշնանացանն ավել է 22 հազար հեկտարով, ինչը չմշակվող տարածքների աստիճանական վերացման վկայությունն է, բայց և, մյուս կողմից, վնասատուների դեմ պայքարը բավարար մակարդակի վրա չէ. մեծ աշխարհագրություն ունի գնայուկ բզեզի տարածվածությունը:
Արտեզյան ջրհորների վերաբերյալ նախարարը նշեց. դրանք իրենց մնացորդային արժեքներով ներկայացվել են ԱՀ կառավարությանը՝ պետության սեփականություն գրանցելու համար, անկախ նրանից, թե ում հաշվեկշռում են գտնվել, ինչից հետո շահագործման համար դրանք հանձնվելու են նորաստեղծ շրջանային կառույցներին:
Սննդի անվտանգության պետական ծառայությունը շոշափելի աշխատանք է կատարում, բայց, հասկանալի պատճառներով, այն չի կարող ամենօրյա վերահսկողություն իրականացնել հանրապետության բոլոր համայնքներում, ուստի, նշեց Ժ. Միրզոյանը, անհրաժեշտ է, որ տեղական ինքնակառավարման մարմիններն օգտվեն այս մասով իրենց վերապահված լիազորություններից:
Խորհրդակցության վերջում նախարար Ժիրայր Միրզոյանը պատասխանեց առաջադրված հարցերին: