ՏՐԱՄԱԴՐՎԵՑԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ
22/12/2016
Շուրջ երկու ամիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում ընթանում էին հողօգտագործողների վերապատրաստման դասընթացները: Դրանք բարձր կարգով կազմակերպելու համար ներգրավված էին Հանրապետության լավագույն մասնագետները: Օրերս կայացան քննությունները, որոնք հաջողությամբ անցածներին պետք է տրամադրվեին առաջին կարգի որակավորման հավաստագրեր, ինչը հիմք կհանդիսանա հետագայում օգտվել պետական աջակցության ծրագրերից:
Եվ ահա՝ դեկտեմբերի 22-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցած հանդիսավոր ցերեկույթի ժամանակ քննությունները հաջողությամբ հանձնած 74 հողօգտագործողների հանրապետության գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը հանձնեց որակավորման հավաստագրեր: Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով հողօգտագործողներին՝ նախարարը նրանց անունից շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր նպաստել են ուսումնական այս ծրագրի իրականացմանը:
Արամ Մխոյանը նշեց նաև, որ դասընթացներից ստացած գիտելիքների արդյունավետ կիրառումը կարևոր նախապայման է գյուղատնտեսության ինտենսիվացման ու վերելքի համար: