ՏԱՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԶԵՐԾ ՊԱՀԵԼ ՀՐԴԵՀՆԵՐԻՑ
12/03/2016
Մարտի 11-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին նաև ԼՂՀ ԿԱ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, ծառության ստորաբաժանումների ղեկավարներն ու հանրապետության շրջանների շրջվարչակազմերի գյուղոլորտի պատասխանատուները:
Քննարկման թեման բերքահավաքի նախապատրաստությունն էր, այն անկորուստ կազմակերպելը, ինչի համար կիրականացվեն հակահրդեհային պայքարի անհրաժեշտ միջոցառումներ:
Բացելով խորհրդակցությունը՝ նախարար Արամ Մխոյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի համատեղ իրականացվում են միջոցառումներ, բայցևայնպես, բերքահավաքի ժամանակ գրանցվում են հրդեհներ: Հետևաբար, նշեց Ա. Մխոյանը, անհրաժեշտ է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ խուսափելու համար հրդեհներից, հետևաբար և՝բերքի կորուստներից:
-Մենք համատեղ պետք է անենք հնարավորը, որպեսզի ցանքատարածությունները զերծ պահենք հրդեհներից,-նշեց Արցախի գյուղատնտեսության նախարարը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է վաղօրոք վերացնել հրդեհների պատճառ հանդիսացող պայմանները:
Արթուր Հարությունյանը նշեց, որ առաջիկայում կմեկնարկեն մոլախոտերի դեմ թունաքիմիկատներով տարվող պայքարի աշխատանքները, քիչ անց կսկսվեն նաև հերկի միջոցով տարվող պայքարի միջոցառումները:
Նախարար Արամ Մխոյանը նշեց, որ նախարարության և ԱԻՊԾ-ի միջև կա համագործակցություն, և ինքն ակնկալում է, որ այն էլ ավելի կխորանա՝ ի շահ մեր երկրի, մեր տնտեսության:
Նա նաև հատուկ ընդգծեց, որ հակահրդեհային միջոցառումներին անպայման պետք է ներգրավվեն նաև հողօգտագործողները, ովքեր պետք է իրենց հողակտորները մոլախոտերից զերծ պահեն, հակառակ դեպքում կզրկվեն բոլոր տեսակի աջակցություններից: Նույնը վերաբերվում է նաև հնձից հետո խոզանն այրող հողօգտագործողներին:
Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ երկու գերատեսչությունների համապատասխան ծառայություններն ու շրջվարչակազմերի գյուղբաժինները հողօգտագործողների հետ կտանեն բացտրական աշխատանքներ՝ հակահրդեհային միջոցառումներն առավել արդյունավետ իրականացնելու համար: Նաև որոշվեց իրականացվելիք աշխատանքները համակարգելու համար ստեղծել հանձնաժողով, որի մեջ կներառվեն ԼՂՀ ԳՆ և ԱԻՊԾ համապատասխան մասնագետները: