ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ԿՈՆՖԵՐԱՆՍ
31/01/2017
Հունվարի 31-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում Արցախի շուրջ 200 մեղվաբույծների մասնակցությամբ տեղի ունեցավ ցուցահանդես-կոնֆերանս, որը կազմակերպվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից: Միջոցառման նպատակն Արցախի գյուղոլորտում իրականացվող նոր քաղաքականության շրջանակներում մեղվաբուծության բնագավառում նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ հայտնի՝ ռուսաստանաբնակ մեր հայրենակից, «Панский сот» մեղվաբուծական ֆերմայի հիմնադիր Սուրեն Գրիգորյանի՝ արդեն լայն ճանաչում ստացած առաջատար փորձի ներկայացումն էր մեր մեղվաբույծներին:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը բացման խոսքում անդրադարձավ գյուղատնտեսական մթերքների, մասնավորապես, մեղվաբուծական մթերքների արտադրությունը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությանը և հույս հայտնեց, որ միջոցառումը հիմք կհանդիսանա Արցախում մեղվաբուծության հետագա զարգացման համար: Նա նշեց, որ չնայած ժամանակի հետ, պայմանավորված նաև ոլորտի նկատմամբ պետական հոգածությամբ, մեր գյուղատնտեսության համախառն արտադրանքում ավելանում է մեղրի տեսակարար կշիռը, այնուամենայնիվ, ոլորտը դեռ զարգանալու տեղ ունի, արտադրվող 300-350 տ արտադրանքը կարող է բավարարել միայն ներքին շուկայի պահանջարկը, այնինչ, մեղվաբույծների մեծ մասը լուրջ նկրտումներ ունի սեփական արտադրանքն արտաքին շուկա հանելու: Իսկ դրա համար, նշեց Արամ Մխոյանը, մեղվաբուծության ժամանակակից փորձին հետևելն այլընտրանք չունի:
-Ժամանակի հետ անհրաժեշտություն է առաջանում մեր կողմից արտադրված մեղվաբուծական ապրանքների տեսականին հանել արտաքին շուկա: Իսկ դրան նախապատրաստվել է պետք. ապրանքատեսքը պետք է համապատասխանի այսօրվա միջազգային չափորոշիչներին: Ավանդական ձևով տարաներով մեղրի վաճառքը չի կարող մեզ հնարավորություն տալ ինտեգրվելու միջազգային շուկային, բայց արտադրանքը ժամանակակից տեսքի բերելու պարագայում, իրացումն արդեն ավելի արդյունավետ կդառնա: Այս կոնֆերանսի նպատակն էլ հենց այն է, որ մեր արտադրողները կարողանան իրենց արտադրանքը ժամանակակից չափորոշիչներին համապատասխան տեսքի բերել ու անցնել միջազգային շուկա,- եզրափակեց Արամ Մխոյանը:
Ելույթներով հանդես եկան նաև ԼՂՀ ԳՆ անասնապահության և անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանը, «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Ֆլորա Իսկանդարյանը և «Панский сот» մեղվաբուծական ֆերմայի հիմնադիր Սուրեն Գրիգորյանը, ով, ցուցաբերած անհրաժեշտ ու մանրամասն խորհրդատվությունից զատ, ներկայացրեց նաև մեղվաբուծության ոլորտում հաջողությամբ կիրառություն գտած տեխնիկական և այլ կարգի նորամուծությունները (փեթակներ, շրջանակներ, դեղամիջոցներ և այլն):
Կոնֆերանսի մասնակիցներին ներկայացվեց նաև մեղվանոցի անձնագիրն ու նրա լրացման կարգը: