Սննդամթերքի անվտանգության ապահովման մեխանիզմները և զարգացման հեռանկարները
11/10/2019
Հոկտեմբերի 10-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպված՝ վերջին՝ թվով չորրորդ գիտագործնական կոնֆերանսը: Այն նվիրված էր սննդամթերքի անվտանգության և ագրովերամշակման խնդիրներին:
Բացման խոսքով հանդես եկավ նախարար ժիրայր Միրզոյանը՝ կոնֆերանսի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:
ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության, սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Առուշան Ալթունյանն իր ելույթում անդրադարձավ սննդամթերքի անվտանգության միջազգային ստանդարտներին, իսկ «Կանաչ Արահետ» ՀԿ տնօրեն Նունե Սարուխանյանի ելույթը նվիրված էր օրգանական գյուղատնտեսության ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին:
«Հայկական լեռնաշխարհը՝ գինու նվիրական երկիր»: Սա Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանի ելույթի խորագիրն էր: «Կանաչ Արահետ» ՀԿ մասնագետ Լուսինե Մկրտչյանն անդրադարձավ գյուղատնտեսական մթերքների արդյունավետ շուկայի ձևավորմանը «Գրին Վիլիջ» ապրանքանիշի օրինակով:
«Սննդամթերքի անվտանգության ապահովման մեխանիզմները և զարգացման հեռանկարները» թեմայի շուրջ ծավալուն ելույթով հանդես եկավ ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը:
Բանախոսները պատասխանեցին առաջադրված հարցերին:
Շնորհակալություն հայտնելով կոնֆերանսի մասնակիցներին՝ նախարար Ժիրայր Միրզոյանն իր ամփոփիչ խոսքում կարևորեց ելույթներում հնչած շեշտադրումները: Հատկապես ընդգծվեց օրգանական սննդամթերքի արտադրության և օգտագործման հարցը: Քննարկված հարցերն ուղղակի կապ ունեն ազգային անվտանգության հետ, նշեց նախարարը՝ հավելելով, որ դրանց շուրջ խոսել է պետք ամեն օր և ամենուր: