Սիրողական մակարդակով գյուղատնտեսության վարումը պետք է պատմություն դառնա
19/03/2019
Մարտի 18-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում անց է կացվել ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել են ԳՆ ենթակայությամբ գործող հիմնարկությունների ղեկավարներ, հանրապետության շրջանների վարչակազմերի գյուղբաժինների ղեկավարներ և համայնքները սպասարկող գյուղատնտեսներ:
Խորհրդակցությունը նվիրված էր գարնանացանի ընթացքին,
ոռոգման խնդիրներին, համայնքները սպասարկող գյուղատնտեսների գործունեությանը, բույսերի պաշտպանության ընթացիկ վիճակին, հանրապետությունում այգեգործության զարգացմանը և գարնանացանի կազմակերպման համար անհրաժեշտ սերմերի, պարարտանյութերի և դիզվառելիքի տրամադրման գործընթացին:
Բացելով խորհրդակցությունը՝ նախարար Ժիրայր Միրզոյանն անդրադարձել է հանրապետությունում ընթացող գարնանացանին, «Արցախի Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ մոտեցումների ու հետևողականության ցուցաբերմանը՝ հավելելով, որ ժամանակն է վերջ տալ սիրողական մակարդակով գյուղատնտեսություն վարելու պրակտիկային: Նա վկայակոչել է արդեն արմատավորվող այն մոտեցումը, որ կամայական գյուղատնտեսությամբ զբաղվողները չեն կարող ակնկալել պետական աջակցություն, և այս սկզբունքի յուրաքանչյուր խախտում կարժանանա համարժեք վերաբերմունքի՝ պետական աջակցության փոշիացմանը կհաջորդի վատնված միջոցները պետական բյուջե վերադարձնելու իրողությունը:
Նախարարը հատկապես կարևորել է հողօգտագործողների հետ գյուղոլորտի պատասխանատուների կապը, որը, ըստ Ժ. Միրզոյանի, բավարար չի կարելի համարել:
Այնուհետև օրակարգային հարցերի շուրջ հանդես են եկել նախարարի տեղակալներ Վիլեն Ավետիսյանը, Համլետ Ապրեսյանը, «Բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վալերի Խաչատրյանը, ԳՆ աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Արամ Բադալյանը և ՀՀ-ից հրավիրված այգեգործ-մասնագետ Գևորգ Մարգարյանը, ով անդրադարձել է այգեգործության ոլորտում առկա մի շարք խնդիրների: