ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՆՈՐ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐ ՀԻՄՆՈՂՆԵՐԻՆ
17/12/2015
Դեկտեմբերի 15-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի հրավերով Արցախում գտնվող՝ ոռոգման ժամանակակից համակարգերի, ջերմոցային գործի, այգեգործության և բուսաբուծության գծով ճանաչված իրանահայ մասնագետ Կամո Իսկանդարյանը և ԼՂՀ ԳՆ բույսերի պաշտպանության ծառայության ֆիտոպաթոլոգ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանն այցելեցին Ասկերանի շրջանի տարածքում գտնվող մի շարք ֆերմերային տնտեսություններ, նռան այգիներ, աշնանացան հացահատիկի և սոխի ցանքատարածություններ, որտեղ ծանոթացան կատարված աշխատանքներին ու դրանց ծավալներին, տնտեսությունների տեխնիկական հագեցվածությանն ու նրանց արտադրական հնարավոր ներուժին, ինչպես նաև այդ տարածաշրջանի հողակլիմայական առանձնահատկություններին, առկա ջրային ռեսուրսներին: Այցի շրջանակներում դիտարկվեցին նաև ոռոգման նպատակով ջրի օգտագործման ներկայիս մեթոդները, պտղատու այգիներում ծառերի ձևավորման, ագրոտեխնիկական մի շարք միջոցառումների իրականացումը և իրազեկվեցին տարածված վնասատուների և հիվանդությունների տեսակային կազմին:
-Քիչ չեն թերությունները՝ պայմանավորված հիմնականում անտեղյակությամբ: Դրանց վերացման ուղղությամբ ցուցաբերվեց անհրաժեշտ խորհրդատվություն և տրվեցին անհրաժեշտ ցուցումներ: Իսկ մեր այցի նպատակն Արցախի ֆերմերների մոտ առկա խնդիրներին ծանոթանալն էր, ինչը հիմք կհանդիսանա հետագայում դրանց վերացման ուղղությամբ կատարել կոնկրետ քայլեր: Նման այցեր սրանից հետո մշտապես են լինելու տարբեր մասնագետների կողմից՝ առկա խնդիրները որոշարկելու և գտնելու դրանց ճիշտ լուծումներ տալու ուղիները,- նշեց Գևորգ Մելիքյանը:
Իսկ արդեն դեկտեմբերի 16-ին ԼՂՀ ԳՆ նիստերի մեծ դահլիճում կայացավ ընդլայված խորհրդակցություն, որին հրավիրված էին մենատնտեսներ հանրապետության շրջաններից: Քննարկան թեման բազմամյա նոր տնկարկների հիմնումն ու ոռոգման նորագույն մեթոդներն էին: Կարո Իսկանդարյանը հավաքվածներին ներկայացրեց խնդրո առարկայի վերաբերյալ Իրանի առաջատար փորձը: Նշվեց, որ բազմամյա տնկարկներն ունեն մի վճռորոշ առանձնահատկություն՝ ոչ մեծ
ներդրում, փոքր ռիսկ և ամենամյա եկամուտ: Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրեց այս հանգամանքի վրա և կոչ արեց նրանց ուշադրության արժանացնել նոր սորտերի հիման վրա բազմամյա տնկարկներ հիմնելու գաղափարը, առավել ևս, ինչպես նշեց Արամ Մխոյանը, մեր բնակլիմայական պայմանները լիովին նպաստավոր են: Նուռ, պիստակ, մշակովի թզենու տեսակներ և նոր այլ մշակաբույսեր: Ավելի բարձր բերք ապահովելու համար նպատակահարմար է անցնել աշխարհում արդեն լայն կիրառություն ստացած՝ ոռոգման կաթիլային և անձրևացման համակարգերին, ինչը նաև թույլ կտա տնտեսել ջուրն ու այն օգտագործել նպատակային: Նախարարը տեղեկացրեց մենատնտեսներին, որ բազմամյա տնկարկներ հիմնել ցանկացողներին պետությունը կցուցաբերի աջակցություն: