Ուսումնասիրվել են վնասի չափերը, կազմվել են ակտեր
22/06/2019
Մայիսի 28-ին տեղացած աննախադեպ կարկտահարության արդյունքում Մարտունու շրջանի բազմաթիվ տնտեսավարողներ զգալիորեն տուժել են:
Օրերս ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն այցելել է Ճարտարի տարածաշրջան, որտեղ տեղի է ունեցել հանդիպում տուժած հողօգտագործողների հետ: Նախարարին ուղեկցում էին փոխնախարար Վիլեն Ավետիսյանն ու ԱՀ ԱԻՊԾ օպերատիվ կառավարման բաժնի պետ Կարեն Ավետիսյանը:
Նախարարը ներկաների հետ քննարկել է հրդեհավտանգ և կարկտավտանգ շրջանին հատուկ հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև անդրադարձել կարկտահարության հետևանքների մեղմման խնդրին:
Իր հերթին Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանը նշել է, որ ստեղծված համապատասխան հանձնաժողովն ուսումնասիրել է վնասի չափերն ու կազմել ակտեր, այդ թվում նաև ներառելով տեղեկատվություն գյուղատնտեսական կենդանիների կորուստների մասին: Ժիրայր Միրզոյանի խոսքով, կարկտահարության արդյունքում վնասներ կրած տնտեսավարողներին կառավարության կողմից կտրամադրվի աջակցություն:
ԱՀ ԱԻՊԾ օպերատիվ կառավարման բաժնի պետը ներկայացրել է տեղեկատվություն կարկտաբեր ամպի ձևավորման, շարժի, ինչպես նաև հակակարկտային կայանների աշխատանքի արդյունավետության մասին: