Ուժգին կարկտահարությունը մեծ վնաս է հասցրել
30/05/2019
Մայիսի 28-ին տեղացած կարկուտն էական վնաս է հասցրել Ասկերանի և Մարտունու շրջանների ցանքատարածություններին: Մասնագետների դիտարկմամբ, սա վերջին տասնամյակի ուժեղագույն կարկտահարությունն էր, որ պատուհասել է մի քանի հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ:
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ուղեկցությամբ տեղակալներ Վիլեն Ավետիսյանի և Համլետ Ապրեսյանի, մայիսի 29-ին այցելել է բնական աղետից ամենաշատը տուժած Մարտունու շրջան, որտեղ իրականացվել է դիտարկում Ճարտարի, Սոսի, Քերթի, Քարահունջի և Մաճկալաշենի ցանքատարածքներում և այգիներում:
Մայիսի 30-ին էլ դիտարկում է իրականացվել Ասկերանի շրջանի՝ կարկտահարությունից տուժած համայնքներում:
Նախարարը տուժած հողատարածքների սեփականատերերին ու վարձակալներին հավաստիացրել է, որ կառավարությունն անպայման միջոցներ է ձեռնարկելու կորուստներ կրած հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու համար: Նա համապատասխան մասնագետներին հանձնարարել է կազմել բնական աղետից տուժած հողօգտագործողների ցուցակը և ճշգրտել վնասների չափերը: Այս աշխատանքներն իրականացնելու համար կստեղծվի հանձնաժողով: