ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԼՂՀ-ում
30/07/2015
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը հուլիսի 30-ին աշխատանքային այցով Մարտակերտի և Ասկերանի շրջաններում էր: Նախարարին ուղեկցում էին տեղակալ Կ.Աղաջանյանը, «Ջրային տնտեսություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Ալյոշա Ներսիսյանը, Մարտակերտի շրջանի «Ջրային տնտեսություն» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Ավանեսյանը, նախարարի կողմից հրավիրված մասնագետ՝ հիդրոշինարար Գ. Վերանյանը:
Այցի նպատակն էր ծանոթանալ հանրապետությունում ոռոգման համակարգի ներկայիս վիճակին, ջրամբարներում առկա ջրային ռեսուրսներին և դրանց արդյունավետ կառավարման մեխանիզմերին:
Համաձայն ԼՂՀ Կառավարության N 483-Ա որոշման հանրապետության ջրային ռեսուրսները համակարգող կառույցները 2015 թվականի հուլիսի 18-ից գործում են ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում: Ելնելով դրանից, նախարարության կողմից կմշակվի ջրային ռեսուրսների ամբարման, բաշխման և օգտագործման ճիշտ ռազմավարություն: Շատ կարևոր է ամրապնդել հողօգտագործողների և նախարարության համապատասխան ստորաբաժանումների փոխգործակցումը:
Մարտակերտի շրջանի Խաչենի ջրամբարը՝ մոտ 15 մլն մ3 տարողությամբ, գտնվում է բավարար տեխնիկական վիճակում և շատ կարևոր դեր է խաղում Մարտակերտի հողերի ոռոգման հարցում: Սակայն այստեղ կան շատ անելիքներ պայմանավորված նրանով, որ ջրամբարը հնարավորություն ունի ոռոգելու 5000 հա հողատարածք, բայց ջրային ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործման և ջրատարների ու խողովակաշարերի արտահոսքի պատճառով ապահովվում է միայն 2300 հա-ի ոռոգումը:
Քննարկման փուլում է Ասկերանի շրջանում գտնվող 2007 թվականին փլուզված Հիլիսի ջրամբարի վերակառուցման նախագիծը, որի իրագործումը կապված է մեծ ծախսերի հետ:
Ոռոգման սեզոնին առաջացած սակավաջրության պատճառով, Նախարարի հանձնարարությամբ, Կարկառ գետի հունի երկայնքով տեղակայված խճաքարի արտադրամասերի ջրի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի: