ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ
12/09/2015
Հաշվի առնելով միջազգային փորձը՝ ԼՂՀ Կառավարության N483–Ա որոշմամբ հանրապետության ջրային համակարգերը շահագործող կառույցները 2015 թվականի հուլիսի 18-ից գործում են ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում: Կառավարման նման մոտեցումն արդյունավետ գործում է մեր հարևան երկրներում:
Գյուղատնտեսության մեջ իր ծանրակշիռ տեղն ունի ոռոգումը, ուստի գյուղատնտեսության հետագա թռիչքային զարգացումն առանց ոռոգման համակարգերի արդիականացման և օպտիմալ կառավարման այլևս անհնար է: Գյուղատնտեսության բնագավառում մինչ այժմ արձանագրված դրական տեղաշարժերը հիմնականում ապահովվել է ագրոտեխնիկական և բույսերի պաշտպանության նորագույն տեխնոլոգիաների հաշվին, այժմ հերթը ոռոգման համակարգերինն է:
Առաջնահերթ խնդիր է ոռոգման ջրի ռացիոնալ և արդյունավետ օգտագործումը: Այս նպատակով 2016 թվականից հանրապետությունում նախատեսվում են փոքր ջրամբարների վերանորոգման և շինարարության աշխատանքներ, ոռոգման խնայողական և էֆեկտիվ նոր տեխնոլոգիաների՝ կաթիլային և անձրևացման համակարգերի աստիճանական ներդրում:
Հողատարածքների հին և ոչ արդյունավետ եղանակով (առուների միջոցով) ոռոգման ժամանակ ջրի կորստի հիմնական մասը բաժին է ընկնում միջտնտեսային, ներտնտեսային և տեղամասային առուներին: Կորուստների նվազեցման համար նախատեսվում է օգտագործել ՀԻԴՐՈՖԻՔՍ-ի խողովակները: Առաջին փորձնական խմբաքանակը տեղադրվելու է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի արևածաղկի և եգիպտացորենի ցանքատարածքներում: ՀԻԴՐՈՖԻՔՍ համակարգի օգտագործումը ջրի կորուստները հասցնում է նվազագույնի: Այն բավականին մատչելի տարբերակ է, դրա օգտագործման տեխնոլոգիան բավականին պարզ է:
ԼՂՀ-ում ոռոգման համակարգի արդիականացումը ենթադրում է նաև կառավարման գործառույթների արդիականացում: Առանց այն էլ սուղ ջրային ռեսուրսների անկանոն և անօրեն օգտագործումն ավելի է սրում ոռոգման ջրի խնդիրը, ուստի նախատեսվում է ոռոգման համակարգերի կառավարման մեջ ներդնել ուղղակի ջրաչափություն և իրականացնել խիստ վերահսկողություն: Տեսչական գործառույթների իրականացման պատասխանատվությունը ևս կդրվի ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության վրա:
