|
Շրջայց գյուղատնտեսության նախարարության Սելեկցիոն կենտրոնի դաշտեր
30/03/2022
 Մարտի 30-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը, նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը և ԱՀ ԳՆ «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» ՓԲԸ տնօրեն Կարեն Ադամյանն այցելել են «ՍՍՆՓՊՍՈՍԿ» ՓԲԸ աշնանացան ցորենի սերմնադաշտեր, տեղում ծանոթացել բուծվող հացահատիկային մշակաբույսերի սերմերի սորտերին ու ցանքսերի ներկա վիճակին:
Նախարարը հետաքրքրվել է տեղացած ձյան՝ ցանքսերի վրա ունեցած ազդեցությամբ, որը Կ. Ադամյանը որակել է բավականին դրական:
Վերջինիս խոսքով, գյուղատնտեսական մշակաբույսերի համար կարևոր է, որպեսզի տեղումները լինեն ոչ միայն առատ, այլև ժամանակին: Այդառումով տեղացած ձյունը շատ օգտակար էր ցանքսերի համար:
«Վերջին տարիներին կլիմայական փոփոխությունների ֆոնին առաջացած տեղումների սակավության պայմաններում շատ կարևոր է հողում խոնավության կուտակման մեխանիզմների կիրառումը. այստեղ մեծ դեր է խաղում հողի՝ սև ցելի տակ մշակությունը: Այս միջոցը հնարավորություն է տալիս տեղումների անբավարարության պայմաններում ստանալ 1,7-2,5 անգամ ավելի շատ և, ամենակարևորը, որակյալ (սպիտակուցով հարուստ) բերք»,- նշել է Կ. Ադամյանը:
Նորայր Մուսայելյանը այցելել է նաև Սելեկցիոն կենտրոնի՝ սև ցելի տակ մշակվող դաշտեր:
«Կենտրոնի դաշտերի վիճակն այս պահի դրությամբ, ըստ մասնագետների գահատականի, շատ բարվոք է: Կախված հետագա եղանակային պայմաններից, արդեն հստակ կլինի՝ որքան առաջին վերարտադրության սերմ կարող է առաջարկել Կենտրոնը մեր հողօգտագործողներին,- եզրափակել է Նորայր Մուսայելյանը:
Հավելենք, որ ընթացիկ տարում «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» ՓԲԸ կողմից 2022 թվականի բերքի տակ մշակվում են 4 սորտի ցորենի առաջին վերարտադրության սերմեր. «Ալեքսեեվիչ», «Յուկա», «Վասա» և «Բեզոստայա 100»:
|
|