Շրջադարձային բարեփոխումներ գյուղատնտեսության ոլորտում. նպատակը պարենային անվտանգության խնդրի լուծումն ու վերջնական արտադրանքի համակողմանի խրախուսումն է (Ընդլայնված խորհրդակցություն ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում)
14/08/2020
Օգոստոսի 14-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանն անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն, որին հրավիրված էին հանրապետության գյուղոլորտի պատասխանատուները:
Նախարարը նշել է, որ ամենասեղմ ժամկետներում անհրաժեշտ է իրականացնել գյուղատնտեսության աջակցության ծրագրերում կարգերի փոփոխությունների համապատասխանությունը իրավական նորմերին: Ամեն դեպքում, նշել է գյուղոլորտի ղեկավարը, այսուհետ ցուցաբերվող աջակցությունը լինելու է նպատակային, հասցեական ու թիրախավորված, որի նպատակն է լինելու գյուղոլորտը դարձնել հնարավորինս մրցունակ, քանզի, ինչպես ցույց են տալիս համաշխարհային զարգացումները, մենք պարտավոր ենք լինելու լուծել ոչ միայն մեր պարենային անվտանգության խնդիրը, այլ նաև այդ հարցում աջակից լինել Հայաստանի Հանրապետությանը: Այս խնդիրների լուծման համար հենց անհրաժեշտ կլինի համակողմանի աջակցություն ցուցաբերել այն գյուղտնտեսավարողներին, ովքեր գյուղատնտեսությամբ զբաղվում են ոչ սիրողական մակարդակով: Պետությունը հոգ կտանի, որ նրանց գործունեությունը զերծ լինի բոլոր տեսակի խոչընդոտներից: Որպես աջակցությունից օգտվելու կարևորագույն հիմք կդիտարկվեն պարտաճանաչությունը, բարեղխճությունը, կրթությունն ու ինքնակրթությունը: Դասընթացները լինելու են պարտադիր, որոնց արդյունքում հավաստագիր ստացածներն օգտվելու են աջակցություններից: Կփոխվեն նաև ԱՀ ԳԳԱՀ կողմից աջակցության ցուցաբերման կարգերը:
Նախարարն իրազեկեց, որ հանրապետության նախագահի հանձնարարությամբ այս տարվա եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տուժած բոլոր հողօգտագործողները կազատվեն հողի հարկից ու վարձավճարից: Նաև՝ այն հողօգտագործողները, ովքեր «Ջրային տնտեսություն» ՓԲԸ-ի հետ կնքել էին պայմանագիր, բայց նրանով նախատեսված պայմանների համաձայն համապատասխան սպասարկում չեն ստացել, կստանան վնասների փոխհատուցում: Դրանց չափը կսահմանվի ամենամոտ ժամանակներս:
Կարևորելով սերմնարտադրության դերն ու սերմերի ճիշտ ընտրության նշանակությունը, որոշվել է աշնանացան սերմերի (և գարի, և ցորեն) ընտրությունը թողնել հողօգտագործողներին, այսուհետ պետությունն այստեղ դերակատարություն չի ունենալու: Էլիտար և առաջին վերարտադրության սերմեր ներկրողները պետությունից կստանան 70 դրամ լրավճար՝ յուրաքանչյուր կիլոգրամի համար: Բայց և ժամանակի ընթացքում անհրաժեշտ է լինելու լուծել սեփական ռեսուրսներով սերմնարտադրության խնդիրը: Ամենայն հավանականությամբ, դա կարվի «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» ՓԲԸ-ի բազայի վրա:
Աշնանացանի բերքի մթերումը կատարվելու է ԳԳԱՀ-ի կողմից և դա կարվի շուկայականից 10 դրամով ավելի: Ի դեպ, առաջին անգամն է, որ դա հայտարարվում է մինչև ցանքսը՝ դրանով իսկ հնարավորություն տալով հողօգտագործողին ճիշտ պլանավորել իր աշխատանքը:
Գարնանացան մշակաբույսերի մթերումը նույնպես կիրականացվի ԳԳԱՀ-ի կողմից, և այն մշակաբույսերը, որոնք կարևոր նշանակություն կունենան պարենային անվտանգության խնդրի լուծման տեսանկյունից, կմթերվեն շուկայականից 25 տոկոսով ավելի թանկ գնով, մնացած մշակաբույսերի մասով կծանուցվի լրացուցիչ:
-
-
Անդրադառնալով պարարտանյութերին՝ Աշոտ Բախշիյանը նշեց, որ այսուհետ դրանք կենտրոնացված կերպով չեն մատակարարվելու, այս ոլորտում գործելու է դրանց ազատ վաճառքի սկզբունքը, և դա նույնպես բխում է ազատ շուկային ձևավորմանը նպաստելու պետական մոտեցման տրամաբանությունից: Նախարարի համոզմամբ, այդ պարագայում ավելի դյուրին կդառնա ազատ գնագոյացումը, կլինի ավելի մեծ ընտրություն, ինչպես նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր: Նախարարը չբացառեց, որ նոր՝ հեղափոխականությամբ առանձնացող հարաբերություններին անցնելը կարող է հանգեցնել ենթակառուցվածքների, մասնավորապես՝ պահեստների բացակայության խոչընդոտներին, ուստի հանձնարարեց ԳԳԱՀ տնօրենին պատրաստվել խնդրի լուծմանը (անհրաժեշտության դեպքում՝ նաև պահեստների տրամադրմանը):
Գյուղոլորտին աջակցության ծրագրի շրջանակներում լայնորեն կխրախուսվեն նաև ջերմոցների, ջերմատների, անասնապահական ֆերմաների, սպանդանոցների, վերամշակող ձեռնարկությունների հիմնադրումն ու ոռոգման ոլորտի ենթակառուցվածքների ստեղծումն ու ընդլայնումը, ինչը նույնպես կարտահայտվի աննախադեպ ընդգրկումներով ու ներդրումների խրախուսմամբ:
Ընդհանրապես, ինչպես նշել է Աշոտ Բախշիյանը, աջակցության ծրագրերում կարգերի փոփոխությունն ունի մի կարևորագույն նպատակ՝ համակողմանիորեն խրախուսել և խթանել վերջնական արտադրանքը:
Խորհրդակցության վերջում Աշոտ Բախշիյանն իր գործընկերներին հորդորեց լինել ավելի հետևողական ու նպատակասլաց, որպես սպասվող արմատական բարեփոխումների հիմնական պատասխանատուների՝ հավելելով, որ մենք ունենք բավարար ներուժ՝ ի դեմս մեր տաղանդավոր, արարող ժողովրդի ու մեր բարեբեր հողի, ինչպես նաև, հանրապետության նախագահի բնորոշմամբ՝ «Դարի պրոյեկտ»-ի ավարտից հետո ոռոգման ջրի աննախադեպ ծավալների արդյունքում, կունենանք ավելի լավ, ավելի բարեկեցիկ Արցախ: