Շուշիում անցկացվեց Հերթական գիտագործնական կոնֆերանսը
05/10/2019
Հոկտեմբերի 4-ին Շուշիում անցկացվեց ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպված «Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով շարքի հերթական գիտագործնական կոնֆերանսը, որը նվիրված էր անասնաբուծության և անասնաբուժության խնդիրներին:
Բացման խոսքով հանդես եկավ ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ կոնֆերանսի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:
Կերարտադրության արդիականացման ուղիների վերաբերյալ ելույթով հանդես եկավ ՀԱԱՀ բուսաբուծության և հողագիտության ամբիոնի դոցենտ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Ռուդիկ Նազարյանը:
ՀԱԱՀ դասախոս, անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Մկրտչյանն անդրադարձավ գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման ժամանակակից մեթոդներին:
«Սմարթ Ագրո» ՓԲԸ տնօրեն Արման Օհանյանի զեկույցը նվիրված էր գյուղատնտեսական կենդանիների հաշվեկշռված կերակրմանն ու կենդանիների համար բարեկեցիկ պայմանների ապահովմանը, որպես բարձր մթերատվության երաշխիք:
ԱՀ ԳՆ աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանն անդրադարձավ անասնաբուծության և անասնաբուժության ոլորտում տարվող պետական քաղաքականության առանձնահատկություններին:
ՀԱԱՀ դասախոս, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Նավասարդյանի ելույթում շոշափվեցին կերարտադրության հետ կապված խնդիրները:
Կոնֆերանսի մասնակիցների հետ իր դրական փորձով կիսվեց ՀՀ Սյունիքի մարզից հրավիրված ֆերմեր Սուրեն Վարդանյանը, ով ելույթ ունեցավ փոքր և միջին տնտեսություններում կաթնատու նախրի կառավարման մասին: Ներկայացվեց տեսանյութ, որը պատմում է նրա գործունեության և անցած ուղու մասին:
Կոնֆերանսի ավարտին նախարար Ժիրայր Միրզոյանն իր երախտագիտությունը հայտնեց մասնակիցներին՝ արդյունավետ և շահագրգիռ քննարկումների համար: Ժ. Միրզոյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց անասնաբուծության կանոնակարգման խնդրին: Նա համոզմունք հայտնեց, որ անհրաժեշտ է արմատապես փոխել վերաբերմունքը ոլորտի նկատմամբ: Այս և ոլորտի այլ խնդիրների ու մասնագիտական հարցերի քննարկման համար կստեղծվի էլեկտրոնային հարթակ:
Նախարարը պատասխանեց առաջադրված հարցերին, որոնք վերաբերում էին գյուղատնտեսական տեխնիկայի և մասնագիտական խորհրդատվության տրամադրմանը, արոտների կառավարմանը, կերարտադրությանն ու արոտներ տանող ճանապարհների վերանորոգմանը: