ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
25/12/2015
Դեկտեմբերի 25-ին ԼՂՀ գյուղատնեսության նախարարությունում տեղի ունեցավ տարածաշրջանում եզակի՝ աշխարհագրական տեղեկատվական համակարգի շնորհանդեսը, որն իրականացվել է «ԼՂՀ ջրային ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի հետազոտում և դրանց կառավարման հայեցակարգերի և շահագործման կանոնակարգերի մշակում» գիտական թեմայի շրջանակներում: Աշխատանքը ներկայացրեցին ԱՏՀ մասնագետ, հիդրոլոգ Ալեքսանդր Առաքելյանը և ՀՀ ՃՇՀԱՀ «ՀՇԳՀ և ՀԷԿ» ամբիոնի դասախոս Հովհաննես Քելեջյանը, ինչից հետո նրանք ԼՂՀ ԳՆ ջրային ոլորտի մասնագետների հետ անցկացրին սեմինար-պարապմունքներ, ինչպես նաև համապատասխան ստորաբաժանումներին հանձնվեց ԼՂՀ Մարտակերտի և Քաշաթաղի շրջանների ջրային ենթակառուցվածքների ԱՏՀ ծրագրային փաթեթը:
-Ծրագիրը շարունակական է, և նախատեսվում է առաջիկա 3 տարիների ընթացքում ԱՏՀ ստեղծել ԼՂՀ բոլոր շրջանների ջրային ենթակառուցվածքների համար: ԱՏՀ-ն դինամիկ փոփոխվող թվային միջավայր է, որն անհրաժեշտ է անընդհատ թարմացնել: Այդ նպատակով նախատեսվում է կազմակերպել մասնագետների վերապատրաստման դասընթացներ և ձեռք բերել համապատասխան գործիքային բազա:
Սա մեր առաջին քայլն էր ԱՏՀ համակարգում, հուսով եմ մեզ կհաջողվի ստեղծել գործնական նշանակություն ունեցող տվյալների աշխարհագրական համակարգ, որի հիման վրա կստեղծվի ամբողջ ենթակառուցվածքները ներառող ԱՏՀ,- նշեց ԼՂՀ ԳՆ փոխնախարար Գևորգ Վերանյանը:
Նշենք, որ ծրագրի պատվիրատուն Արցախի կառավարությունն ու ՀՀ գիտության պետական կոմիտեն են, իրականացնողը՝ ՃՇՀԱՀ-ն: