ՆՊԱՏԱԿԸ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
02/11/2016
(Արցախի գյուղատնտեսության նախարարությունում մեկնարկեցին գյուղատնտեսների վերապատրաստման դասընթացները)
Նոյեմբերի 1-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում մեկնարկեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի շրջանակներում կազմակերպված մեկամսյա վերապատրաստման դասընթացները:
Բացման խոսքում նախարար Արամ Մխոյանն անդրադարձավ գյուղատնտեսության համակողմանի զարգացման անհրաժեշտությանը, նշելով, որ այդ նպատակի համար կարևորագույն նշանակություն ունեն հատկապես գիտելիքները:
Նա առանձնացրեց նաև փոխադարձ համագործակցության կարևորությունը՝ հայեցակարգից բխող ծրագրի իրականացման ճանապարհին:
-Մենք խնդիր ենք դրել մեր առջև ձեզ փոխանցել այն ամենակարևորը, ամենաառաջադիմականն ու արդյունավետը, որը հաջողությամբ կիրառվում է զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրներում և կօգնի ձեզ ավելի արդյունավետ կազմակերպել գյուղատնտեսական գործունեությունը,-նշեց Արամ Մխոյանը՝ հավելելով նաև, որ ծրագրի շրջանակներում պետական աջակցություն կտրվեն այն մասնակիցներն, ովքեր կհանձնեն քննություն և կստանանհամապատասխան հավաստագիր:
Առաջին դասախոսության թեման վերաբերվում էր սերմնաբուծությանը, որի շուրջ դասախոսությամբ հանդես եկավ «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» ՓԲԸ գլխավոր սերմնաբույծ Նազիկ Մելքումյանը: