ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ, ԳՈՒՄԱՐԱԾ՝ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
18/09/2015
ԼՂՀ շրջաններ կատարվող այցերի շրջանակում գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը սեպտեմբերի 18-ին եղավ Քաշաթաղի շրջանում: Բերձորում շրջանի ղեկավարության, համայնքապետերի և գյուղոլորտում ներգրավված տնտեսվարողների հետ հանդիպման ժամանակ Արամ Մխոյանը ներկայացրեց գյուղատնտեսության բնագավառի զարգացմանն ուղված նախարարության նոր քաղաքականությունը: Քննարկվեց հարցերի լայն շրջանակ, որոնք հիմնականում վերաբերվում էին ոռոգման, ջրային պաշարների, որակյալ սերմացուի, միջհամայնքային ճանապարհների, հակակարկտային կայանքների ձեռքբերման և բույսերի պաշտպանության խնդիրներին, վարկերի սուբսիդավորմանը, անասնավարկերի և գյուղտեխնիկայի տրամադրման կարգին:
Նշվեց, որ անցած ժամանակահատվածում շրջանին սուբսիդավորման կարգով տրամադրվել է 130 տոհմային ցուլիկ, ինչի կապակցությամբ տնտեսվարողներն իրենց շնորհակալությունը հայտնեցին. ցեղի բարելավման ուղղությամբ պետության հոգածությունն արդեն իր պտուղներն է տալիս:
Նախարարը նշեց, որ առաջիկայում մեկնարկող՝ խոզաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում շրջանին արտոնյալ պայմաններով կտրամադրվեն մերուններ, գործածության մեջ կդրվի նաև մեղվաբուծության զարգացման ծրագիրը՝ հաշվի առնելով շրջանի ներուժը: Բույսերի պաշտպանության հարցերի քննարկման ժամանակ շեշտվեց, որ վնասատուների դեմ պայքարի համար անպայման անհրաժեշտ է օգտագործել բույսերի պաշտպանության երաշխավորված միջոցներ (ախտահանիչներ, հերբիցիդներ և այլն), որոնք անհրաժեշտ է ձեռք բերել մասնագիտացված խանութներից, իսկ բարձր բերքի համար, ի թիվս այլ պայմանների, անհրաժեշտ է նաև խստորեն պահպանել աշխատանքների ագրոժամկետները:
Գյուղատնտեսության նախարարը նշեց, որ գյուղոլորտի համակողմանի զարգացումն առանց առաջավոր տեխնոլոգիաների կիրառման անհնար է, ինչի առկայության, սրտացավ ու ճիշտ մոտեցման և առկա ռեսուրսների ռացիոնալ օգտագործման դեպքում արդեն, անխուսափելիորեն, տնտեսական արդյունավետությունը կբարձրանա:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին Արամ Մխոյանը պատասխանեց առաջադրված երկու տասնյակից ավելի հարցերին: