ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈՒ ԱՌԱՋԱՏԱՐ ՓՈՐՁԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ
28/10/2015
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-23-ը ջրային համակարգի և գյուղոլորտի մի խումբ մասնագետներից ու ֆերմերներից կազմված մեր պատվիրակությունն այցելեց Իրանի Իսլամական Հանրապետություն:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց պատվիրակության ղեկավար, ԼՂՀ Վարչապետի խորհրդական Գևորգ Վերանյանը, այցի նպատակն էր ծանոթանալ մեր հարևան երկրի՝ գյուղատնտեսության բնագավառում ունեցած ձեռքբերումներին և ուսումնասիրել գյուղոլորտում նրանց կողմից ներդրված առաջատար տեխնոլոգիաները:
-Մեր այցը ներառում էր Թեհրան և Շիրազ քաղաքների հարակից գյուղատնտեսական և արտադրական նշանակության շրջանները: Կարծում եմ՝ այն խթան կհանդիսանա գյուղատնտեսության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների առավել արագ ներդրման համար: Ոռոգման կաթիլային, անձրևացման և ջրախնայողական նորագույն տեխնոլոգիաների իրանյան փորձի ուսումնասիրությունն ու ներդնումը Արցախում թույլ կտան մոտ ապագայում ապահովել գյուղատնեսության ինտենսիվ զարգացում:
Պատվիրակության անդամները ծանոթացան նաև նռան ու պիստակենու այգիների մշակման փորձին, պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ապագայում նոր կուլտուրաների ներկրման ուղղությամբ: Մեր կողմից ուսումնասիրվեց նաև տեղի ջերմոցային տնտեսությունների փորձը: Պետք է նշել, որ մեր հարևանները լավ արդյունքներ են արձանագրել ջերմոցային կոնստրուկցիաների արտադրության և ավտոմատ համակարգերի կիրառման ուղղությամբ: Այցի շրջանակներում եղանք նաև գեոմեմբրանների և ապակեմանրաթելային խողովակների արտադրության գործարաններում, որոնք խոշորագույններն են տարածաշրջանում,- նշեց պարոն Վերանյանը: