Ներկայացվել է գյուղատնտեսական տարածքների գոտիավորման աշխատանքների մասին հաշվետվությունը
26/11/2019
Նոյեմբերի 26-ին ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվել և ընդունվել է Ասկերանի շրջանի Սարուշեն և Ակնաղբյուր համայնքների շուրջ 132 հա տարածքում կատարված գյուղատնտեսական նշանակության տարածքների անձնագրավորման, գոտիական առանձնահատկությունների վեր հանման և ռեսուրսային հնարավորությունների վերաբերյալ հաշվետվությունը:
Բանախոս՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոռեկտոր Սարիբեկ Գալստյանն իր խոսքում հատուկ կարևորել է նշված տարածքում հողերի ագրոքիմիական օպտիմալ կազմը վերականգնելուն ուղղված աշխատանքները, քանի որ հետազոտությունների արդյունքում արձանագրվել է ֆոսֆորի չափազանց քիչ քանակություն:
Նախարար Ժիրայր Միրզոյանն անդրադարձել է կատարված աշխատանքների կարևորությանը և նշել, որ 2020 թվականին շարունակվող ծրագրով անհրաժեշտ է լինելու կազմել նաև հողերի ագրոքիմիական քարտեզներ:
Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ՇՏՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, ԳՆ պատասխանատուներ: