Նախարար Ժիրայր Միրզոյանն այցելել է Մարտունու և Ասկերանի շրջաններ 25/05/2019
Մայիսի 24-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ուղեկցությամբ տեղակալ Համլետ Ապրեսյանի և խորհրդական Միքայել Սողոմոնյանի, աշխատանքային այցով եղել է Մարտունու և Ասկերանի շրջաններում: Այցի օրակարգում էին բերքահավաքի նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը, ոռոգման համակարգերում առկա խնդիրների ուսումնասիրումն ու լուծումը, ինչպես նաև՝ գարնանացան մշակաբույսերի ցանքատարածքների ընթացիկ վիճակի դիտարկումը: Նախ իրականացվեց Կարկառ գետի աջափնյա հատվածում առկա ջրային ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, ինչից հետո Բերդաշեն համայնքի տարածքում կայացավ հանդիպում մի խումբ հողօգտագործողների և ջրօգտագործողների հետ: Այնուհետև, գարնանացան մշակաբույսերի ցանքատարածքների վիճակի դիտարկումից հետո, նախարարն այցելեց Ասկերանի շրջանի վարչակազմ, որտեղ վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի, շրջանի գյուղատնտեսության և ջրային ոլորտի պատասխանատուների հետ քննարկվեցին գյուղատնտեսության ոլորտի օրակարգային մի շարք խնդիրներ: