ՆԱԽԱՐԱՐ Ա.ՄԽՈՅԱՆԸ «ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ և ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԴԱՇՏԵՐՈՒՄ ՀԵՏԵՎԵԼ Է ՑՈՐԵՆԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
16/07/2015
«Սերմնաբուծության և սելեկցիոն նվաճումների պահպանության կենտրոն» ՓԲԸ-ն սույն թվականի հուլիսի 16-ին ավարտել է բերքահավաքի աշխատանքները: Եզրափակիչ փուլին հետևում էր գյուղատնտեսության նախարար Ա.Ս. Մխոյանը:
Այսպիսով, ցանված 185 հա-ից հավաքվել է ընդհանուր առմանբ 664 տոննա աշնանացան ցորեն, միջին բերքատվությունը կազմել է 36 ց/հա, այն դեպքում, երբ անբարենպաստ եղանակային պայմաննեում ցորենը դաշտում պառկել էր, ինչի հետևանքով բերքի գրեթե 30 տոկոսը չի հաջողվել հնձել (ընկած հասկերը կհավաքվեն ու կօգտագործվեն որպես անասնակեր):
Դաշտերից Նախարարը ուղևորվեց Սերմնաբուծության կենտրոնի պահեստներ, որտեղ կենտրոնացված է հավաքված ամբողջ ցորենը: Ստացված բերքի 10 տոկոսը կամ մոտավորապես 70 տոննան կազմում են ցորենի էլիտային վերարտադրության սերմերը, որոնք, որպես կանոն, վաճառքի ենթակա չեն և օգտագործվում են շարունակական վերարտադրության համար: Մնացած 590 տոննա բերքը սերմացուի վերածվելու համար կանցնի անհրաժեշտ մշակության բոլոր փուլերը և կվաճառվի շուկայականից ցածր գներով:
«Սերմնաբուծության և սելեկցիոն նվաճումների պահպանության կենտրոն» ՓԲԸ-ի բոլոր աշխատակիցները բարեխղճորեն կատարած արդյունավետ աշխատանքի և արձանագրած բարձր ցուցանիշների համար Նախարարի որոշմամբ կպարգևատրվեն դրամական պարգևներով՝ ըստ արժանավույն: