Նախարար Անդրանիկ Խաչատրյանն ամփոփեց 2012 թվականի արդյունքները
24/02/2013

Հունվարի 18-ին նախարար Անդրանիկ Խաչատրյանն ամփոփեց 2012թ. արդյունքները. լրագրողների հետ հանդիպմանը նա ներկայացրեց ոլորտի առկա վիճակը, առաջիկա անելիքներն ու խնդիրները։
Խոսելով ագրարային ոլորտի ռազմավարական նշանակության մասին՝ Ա. Խաչատրյանն առաջին հերթին կարևորեց երկրի պարենային ինքնաբավության անհրաժեշտ մակարդակի ապահովումը, գյուղական տարածքների զարգացումն ու գյուղական բնակավայրերի ամրապնդումը:
Նշելով, որ վերջին 5 տարիներին ոլորտն ապահովել է ՀՆԱ-ի 13,4%-ը, իսկ 2012թ-ի՝ միայն հունվար-սեպտեմբերին՝ 14,7 %-ը, նա ասաց, որ ակնկալվում է տարվա կտրվածքով նշված ցուցանիշի աճ։
2008 թվականից սկսած՝ պետբյուջեից գյուղատնտեսության ոլորտին հատկացվող միջոցները տարեցտարի աճել են՝ 2012թ. կազմելով 2949,6 մլն դրամ, ինչը 2006-2007 թթ. միջին տարեկան մակարդակը գերազանցել է ավելի քան 8 անգամ։