Նախարարն այցելեց Այգեստան
25/12/2017
Դեկտեմբերի 22-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն այցելեց Ասկերանի շրջանի Այգեստան համայնք, որտեղի դպրոցի դահլիճում կայացավ հանդիպում գյուղի հասարակայնության հետ: Նախարարը նշեց, որ անասնապահության ոլորտում վարչական իրավախախտումների քանակով Այգեստանն արդեն առանձնանում է, ինչը մտահոգիչ է: Իրավական խնդիրներից ու միջանձնային հարաբերությունների վատթարացման իրողությունից զատ, կա նաև համայնքին ռեալ նյութական վնաս բերող՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կրած մեծ վնասները:
Այս և այլ առանձնահատկությունների (այդ թվում նաև՝ գյուղի առանձնահատուկ աշխարհագրական դիրքն ու զբոսաշրջային գրավչությունը) շնորհիվ հատկապես հենց այստեղ պետք է իրականացվի անասնաբուծության ոլորտի արագ կարգավորում: Նախարարությունն արդեն մշակել է ոլորտի կարգավորմանը կոչված՝ «Անասնաբուծության կանոնակարգում և արոտավայրերի կառավարում» ծրագիրը, որն այգեստանցիներին ներկայացրեց ԳՆ անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանը:
Այնուհետև տեղի ունեցավ քննարկում: Գյուղոլորտի ղեկավարները պատասխանեցին այգեստանցիների կողմից առաջադրված շուրջ երկու տասնյակ հարցերին: