Նախարարի մեկ օրը. Աշոտ Բախշիյանն աշխատանքային այցով եղել է Մարտունու և Հադրութի շրջաններում
19/09/2020

Սեպտեմբերի 18-ն ԱՀ գյուղոլորտի ղեկավարության համար ավելի քան հագեցած էր: Հանրապետության շրջաններում ընթացող գյուղատնտեսական աշխատանքներին հետևելու համար Մարտունու և Հադրութի շրջաններ մեկնող նախարար Աշոտ Բախշիյանի աշխատանքային այցը լուսաբանելու ցանկություն էին հայտնել մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Առավոտյան ժամը 10-ին նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանի և լրագրողների ուղեկցությամբ Աշոտ Բախշիյանը սկզբից այցելեց Մարտունու գինու գործարան, որտեղ ողջ թափով ընթանում է խաղողի մթերումը: Բերքից գոհ են և՛ մթերողները, և բերքը հանձնողները: Տարեցտարի հանրապետությունում աճում են խաղողի բերքի ցուցանիշները: Կոնկրետ հիմա գործարանում մթերում են կանգուն, բանանց և ռկացիթելի սորտի խաղող: Վերջինս լավ կոնյակի համար հարմար հումք է, քաղցրությունն էլ՝ մինչև 26 տոկոս: Գործարանի ղեկավարությունն Աշոտ Բախշիյանին է ներկայացնում գործերի ընթացքը, առաջիկա անելիքները և պատասխանում Արցախի գյուղոլորտի ղեկավարի հարցերին: Լավատեսության հիմքերն ավելի քան շատ են: Այնուհետև նախարարն ուղևորվում է «Մասիս տոբակո» ընկերության՝ Մարտունու կանաչ թութունի արտադրամաս: Այստեղ մի քանի տասնյակ մարդ զբաղված են ծխախոտի հումքի սորտավորմամբ: Աշխատակցուհիներից մեկը նախարարի հետ մտերմիկ զրույցի ընթացքում ասում է, որ լավ կլիներ, որ աշխատավարձերը բարձրացվեին: Գյուղոլորտում ներգրավվածներին պետության կողմից համակողմանի աջակցության և օժանդակության հաստատակամությունն անխախտ է, և հենց տեղում նախարար Աշոտ Բախշիյանը կապվում է Ընկերության գործադիր տնօրենի հետ և ստանում համաձայնություն՝ աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ:
Հաջորդ կանգառը Խնուշինակ համայնքի բազմամյա տնկարկներն են: Այստեղ աճեցվում են խաղող, կեռաս, սև սալոր, սերկևիլ և այլ պտղատեսակներ: Խնուշինակ համայնքի ղեկավարը նախարարին է ներկայացնում հողօգտագործողների առջև ծառացած խնդիրը. ոռոգման ջրի կարիք ունեն: Աշոտ Բախշիյանն ասում է, որ շուտով տարածքում արտեզյան ջրհոր կհորատվի, ինչով և կլուծվի ոռոգման ջրի խնդիրը:
Հաջորդիվ Ամարասի հովտի խաղողի այգիներն էին, որտեղ նույնպես բերքահավաք էր: Մեր ժամանման պահին ընդմիջում էր:
-Աստված ձեր մեկը հազար անի,- ասում է Աշոտ Բախշիյանը հենց գետնին բացված սեղանի շուրջը նստած հողի մշակներին: Ծավալվում է աշխույժ զրույց, որի ընթացքում շոշափվում են ոլորտի խնդիրներն ու անելիքները:Աշխատավորներից մեկը նախարարին ասում է, որ տարածքում վթարված արտեզյան ջրհոր կա: Գյուղոլորտի ղեկավարը հավաստիացնում է՝ գործող կարգի համաձայն՝ հենց մոտ օրերս կձեռնարկվեն խորքային հորի վերանորոգման ուղղությամբ առաջին քայլերը:
Այստեղից Աշոտ Բախշիյանն ուղևորվում է Տող՝ արդեն հռչակավոր «Կատարո» գինու գործարան: Սկզբից նախարարը գործարանի սեփականատերեր՝ հայր և որդի՝ Էդիկ և Գրիգորի Ավետիսյանների ու մարքետինգի պատասխանատուի ուղեկցությամբ այցելում է գործարանին հումքով ապահովող տնկարկներ, որոնց հենց միայն արտաքին տեսքն աչք է շոյում:
Արդեն գործարանում, որտեղ նույնպես ընթանում էր բերքի մթերման գործընթացը, արցախյան գինեգործության դրոշակակիր ապրանքանիշի սեփականատերը նախարարին և նրան ուղեկցող անձանց ներկայացնում է ընթացիկ աշխատանքները, պատմում լավատեսական և հեռանկարային ծրագրերի մասին: «Կատարո» ապրանքանիշը մեր գյուղոլորտի գլխավոր ձեռքբերումներից է, և ժամանակի ընթացքում մենք այդպիսի արտադրատեսակների թիվը պարտավոր ենք ավելացնել, գործարանի սեփականատիրոջ՝ Ստեփանակերտից ժամանած հյուրերի համար կազմակերպած փոքրիկ համտեսից հետո ասում է նախարարը:
Աշխատանքային օրը եզրափակվեց Տողում բացված «Մարո» հյուրատուն այցով: Ավելի շուտ թանգարան հիշեցնող՝ 19-րդ դարավերջի և 20-րդ դարի սկզբի արցախյան մշակույթի և ճարտարապետության լավագույն ավանդույթներով աչքի ընկնող այս հաստատությունը էկոտուրիզմի և ներքին զբոսաշրջության համար հիանալի հնարավորություն է, նկատում է Աշոտ Բախշիյանը, ով հենց այստեղ էլ հարցազրույց է տալիս Artsakh Now.am կայքի լրագրողներին, ովքեր ցանկություն էին հայտնել լուսաբանել հանրապետության գյուղոլորտի պատասխանատուի աշխատանքային մեկ օրը:
Գյուղատնտեսական տեխնիկայի վերաբերյալ նախարարը կարևոր հայտարարություն է անում, ըստ որի՝ հավաքակազմի աստիճանական նորացման, այգեգործության զարգացման խթանման և ձեռքով կատարվող աշխատանքների մեքենայացման համար հանրապետությունում պահանջվող գյուղտեխնիկայի քանակն ապահովելու համար, այն ձեռք բերելու նպատակով կիրականացվի արժեքի 10%–ի չափով սուբսիդավորում, այդ թվում՝ հացահատիկահավաք կոմբայնները, այգեգործության մեջ օգտագործվող հատուկ սարքավորումները, որոշ սարքավորումներ, որոնք մեծ պահանջարկ ունեն և լայն տարածում պետք է ունենան Արցախում (անվար երկրագործության ժամանակ կիրառվող շարքացաններ և այլ ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկա) և այլ սարքավորումներ, որոնք հարկվում են ԱԱՀ-ով (սրսկիչներ, հատիկեղենի մաքրման, տեսակավորման սարքավորումներ և այլն), լրացուցիչ կսուբսիդավորվեն 20%-ով: Ոլորտի վճարունակ տնտեսավարողների պահանջարկի բավարարման համար այն սարքավորումները, որոնց արժեքը մինչև 1մլն ՀՀ դրամ է (ձեռքի տրակտորներ՝ մոտոբլոկներ, կթի ագրեգատներ, էլեկտրահովիվներ և այլն) և լիզինգի ծրագրով ձեռք բերելը շահավետ չէ, կտրամադրվի դրամաշնորհ՝ արժեքի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 200 հազար ՀՀ դրամ:
Նշված գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերումը կնպաստի հողօգտագործողների շահագրգռվածության բարձրացմանը, ցանքատարածքների ավելացմանը, ագրոպարենային ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը և համախառն բերքի ծավալների ավելացմանը, ինքնաբավության մակարդակի բարձրացմանը:
Այցի ընթացքում Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին ուղեկցում էին Մարտունու և Հադրութի շրջանների վարչակազմերի ղեկավարներ Արարատ Մելքումյանն ու Կամո Պետրոսյանը: