Նախարարի աշխատանքային այցը Ճարտար
25/11/2018
Նոյեմբերի 23-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ուղեկցությամբ նախարարի տեղակալներ Վիլեն Ավետիսյանի, Համլետ Ապրեսյանի և ԱՀ ԳԳԱՀ տնօրեն Տիգրան Ծատրյանի, աշխատանքային այցով եղավ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում, ուր կայացավ ընդլայնված հանդիպում համայնքային իշխանությունների և քաղաքի ակտիվի հետ:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանը:
Նախարարի օրակարգում ներառված էր գյուղատնտեսության բնագավառին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ աշնանացանի ընթացք, վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի աշխատանքներ, նախապատրաստություն գարնանացանին և սերմերի հայտերի ներկայացում, անասնաբուծության կանոնակարգում, արտեզյան հորերի հորատում և ոռոգման համակարգերի ընդլայնում, սեփականաշնորհված անմշակ տարածքների օգտագործում, այգեգործության զարգացում, գյուղատնտեսական տեխնիկայի ոլորտում պետական աջակցություն և այլ հարցեր:
Շուրջ երկու ժամ տևեց այս հարցերին նախարար Ժիրայր Միրզոյանի անդրադարձը, ինչից հետո նա պատասխանեց առաջադրված ավելի քան երեք տասնյակ հարցերին: