Նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի նոր ծրագրերն ու ընթացիկ ցուցանիշները
13/08/2018
Օգոստոսի 10-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը հանդիպել է մի խումբ լրագրողների հետ և ներկայացրել գյուղատնտեսության ոլորտի նոր ծրագրերն ու ընթացիկ ցուցանիշները:
«Աշնանացան մշակաբույսերից ցորենի և գարու բերքահավաքը մոտենում է ավարտին. ցորենի միջին բերքատվությունը կազմում է 22.7 ց/հա, իսկ գարու միջին բերքատվությունը՝ 17.1 ց/հա: Պետք է արձանագրել, որ բերքատվության ոչ գոհացուցիչ ցուցանիշները մայիս և հունիս ամիսներին տեղացած կարկուտի և քամու հետևանք են: Ընդհանուր առմամբ, դրանք շուրջ 15 000 հա ցանքատարածքների վրա թողել են բերքի լուրջ կորուստներ, որոնցից 9 500 հա ցորենի և գարու ցանքատարածքներ ամբողջությամբ ոչնչացվել են»,- նշել է Ժ. Միրզոյանը՝ ընդգծելով, որ պետությունը բնական աղետների հետևանքով բերքի 100%-անոց կորուստ կորուստ ունեցած հողոգտագործողներին օգոստոս ամսվա ընթացքում կտրամդրի որոշակի ֆինանսական աջակցություն:
Ըստ նախարարի՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության և շրջանների վարչակազմերի հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ հաջողվել է բերքահավաքն իրականացնել նվազագույն կորուստներով: «Հրդեհվել է ընդամենը 69 հա աշնանացան և 8 հա գարնանացան ցանքատարածքներ, ևս 28 հա չմշակված կամ թերի մշակված այգիներ և 40 000 հա արոտավայրեր և բուսածածկ այլ տարածքներ»,- նշել է Ժ. Միրզոյանը, ավելացնելով, որ դրանք ենթակա են փոխհատուցման ո՛չ թե պետության, այլ այն անձանց կողմից, որոնց պատճառով բռնկվել է հրդեհը:
Այնուհետև նախարար Միրզոյանն անդրադարձել է Արցախում վերջերս ուժի մեջ մտած՝ անասնաբուծությանը ներկայացվող պարտադիր պահանջները հաստատելու մասին Կառավարության որոշմանը և հայտնել, որ խոզերի բուծումն անհրաժեշտ է կազմակերպել միայն փակ պահվածքով, քանի որ խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդությունից խուսափելու այս պահին գոյություն ունեցող միակ տարբերակը խոզերի փակ պահվածքով բուծումն է:
Հանդիպման ավարտին նախարարը խոսել է նաև Կառավարության կողմից ընդունված՝ կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրման նոր առանձնահատկությունների և անհրաժեշտ նախապայմանների վերաբերյալ որոշման մասին, ըստ որի՝ ներկայացվող հայտերը պետք է հստակ ձևակերպված լինեն տվյալ հողատարածքում այգեգործական գործունեություն ծավալող հայտատուի անունով, համապատասխան տարածքը պետք է ապահովված լինի ոռոգման համար նախատեսված անհրաժեշտ քանակի ջրով, տարածքը պետք է համապատասխանի տվյալ պտղատեսակի համար նախատեսված առանձնահատկություններին, ինչպես նաև հայտատուն չպետք է ունենա գյուղատնտեսական վարկի և այլ փոխառությունների գծով ժամկետանց պարտավորություններ: «Սահմանվել է պետական աջակցության առավելագույն սահմանաչափը՝ 1 հեկտարի համար 1.5 միլիոն դրամ, որի 50 տոկոսը տրվում է փոխառությամբ, իսկ մյուս մասը՝ որպես դրամաշնորհ»,- հավելել է Ժ. Միրզոյանը: