ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
05/02/2016
Փետրվարի 4-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն աշխատանքային այցով եղավ Մարտունու և Հադրութի տարածաշրջաններում: Մասնավորապես,Արամ Մխոյանը մասնակցեց Մարտունու շրջանի Ջիվանի, Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների համայնքապետերի տարեկան հաշվետվություններին:
«2015 թվականին կատարված աշխատանքների մասին» վերտառությամբ հիշյալ համայնքների ղեկավարների հաշվետվություններից պարզ դարձավ, որ այդ համայնքներում հիմնականում իրականացվել են անհրաժեշտ և նախատեսված աշխատանքները, ինչը և հիմք ընդունելով, համայնքապետերի աշխատանքը գնահատվեց բավարար:
Համայնքների բնակիչների հետ հանդիպումների ժամանակ
գյուղատնտեսության նախարարը ծանոթացավ համայնքներում առկա խնդիրներին:Ա.Մխոյանն առանձնապես կարևորեց ցանքաշրջանառության իրականացումը, նոր պտղատեսակներով այգիների հիմնումը, ինչն իրականացնողները կվայելեն պետության օժանդակությունը: Հատկապես կարևորվեց ոռոգման նոր, ավելի խնայողական և արդյունավետ տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև նախարարության լրատվամիջոցների օգնությամբ կապի պահպանման և առաջացած հարցերին նաև այդ կերպ օպերատիվ կերպով լուծում տալու անհրաժեշտությունը:
Հնչած հարցերը հիմնականում վերաբերվում էին պետության կողմից հողօգտագործողներին ցուցաբերվելիք օժանդակությանը, գյուղնախարության կողմից իրականացվող նոր քաղաքականությանը, անասունների պատվաստման, տնկիների տրամադրման, մասնագիտական խորհրդատվության, արտադրանքի իրացման, ոռոգման, ջրախնայողության, պարարտանյութերի և սերմնանյութերի տրամադրման, ներհամայնքային ճանապարհների վերանորոգման, վարկային պարտավորությունների մարման խնդիրներին: Նախարարը պատասխանեց առաջադրված հարցերին և մատնանշեց խնդիրների լուծման կոնկրետ ուղիները:
Իսկ արդեն օրվա վերջում Ա.Մխոյանը փոխնախարար Գևորգ Վերանյանի և ջրային ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ այցելեց վթարված Վարանդա-3 ջրամբար, որտեղ ծանոթացավ վերականգնողական աշխատանքների ընթացքին: