Մայիսի 26-31-ը Արցախի Հանրապետության մի խումբ անասնաբույժներ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանի գլխավորությամբ փորձի փոխանակման նպատակով եղել են Լատվիայում:
Մեր պատվիրակությունը եղել է մի շարք առաջատար ֆերմերային տնտեսություններում, որտեղ անցկացվել են գործնական շփումներ և կազմակերպվել են դասընթացներ, որոնց ընթացքում ուսումնասիրվել են կաթնային տավարաբուծության պատմությունը և ներկա վիճակը, ինչպես նաև կովերի տարեկան բարձր կաթնատվությունն ու այդ ցուցանիշներին հասնելու ուղիները:
-Հատկապես կարևորում եմ Լատվիայի մասնավոր և պետական ոլորտում անասնաբուժական գործի դրվածքի հետ ծանոթացումը: Կարևոր էր նաև Ռիգայում գտնվող լաբորատորիա կատարված այցը: Այնտեղ իրականացվում են անասնաբուժական և սննդի ոլորտի, ինչպես նաև՝ գիտական հետազոտություններ: Այցի արդյունքում մեր պատվիրակության անդամներին տրվել են համապատասխան սերտիֆիկատներ: Մեր գործընկերների առաջատար փորձի կիրառումն անասնաբուժության և անասնաբուծության բնագավառներում կարող է բարերար ազդեցություն ունենալ ոլորտի հետագա զարգացման վրա: Ձեռք բերված փորձն ու գիտելիքներն առաջիկայում սեմինարների և տարբեր ձևաչափերով հանդիպումների միջոցով կփոխանցվեն ոլորտում ընդգրկված մասնագետներին և անասնաբուծությամբ զբաղվող ֆերմերներին,-նշել է Տ. Առստամյանը: