ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԱՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
20/10/2017
Հոկտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում անց է կացվել կոնֆերանս՝ նվիրված մեղվաբուծության խնդիրներին ու վերջին ամիսներին ոլորտում գրանցված հաջողություններին: Կոնֆերանսին մասնակցում էին ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանը, ԳՆ աշխատակազմի անասնաբուծության ու անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանը, Արցախի մեղվաբույծների ասոցիացիայի նախագահ Սուրեն Գրիգորյանը, ինչպես նաև Արցախից և Հայաստանի Հանրապետության մարզերից ժամանած լավագույն մեղվաբույծներ:
Վերջին ժամանակահատվածում մեղվաբուծության ոլորտում լուրջ առաջընթաց է արձանագրվել. ավարտման փուլում է մեղվաբույծների անձնագրման գործընթացը, հնարավորություն է ստեղծվել տեղական մեղրը ստուգման ենթարկել «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորոտորիա» ՊՈԱԿ-ում և միայն հետո վաճառքի հանել, ինչը կարևոր է և΄ սննդամթերքի անվտանգության, և΄ հումքն արտաքին շուկայում իրացնելու տեսանկյուններից:
Խոսվել է նաև մեղվաբուծական ապրանքների տեսականու արտադրության ընդլայնման մասին, որոնք առավել շահութաբեր են (մեղվակաթ, մեղվամոմ, ծաղկափոշի, մեղվաթույն):
Տ. Առստամյանը նշել է, որ պետությունը կապահովի մեղվաբուծության զարգացման համար բոլոր պայմանները՝ այն արդյունաբերական մակարդակի հասցնելու համար:
Կոնֆերանսը եզրափակվել է հարցուպատասխանով: