Մեկնարկում են հրդեհականխարգելիչ միջոցառումները
16/04/2019
Ապրիլի 15-ին ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում անցկացվեց ընդլայնված խորհրդակցություն, որին, ԳՆ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներից բացի, մասնակցում էին նաև ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մեխակ Արզումանյանը, ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսիյանը և ԳՆ Բույսերի պաշտպանության ծառայության պետ Վալերի Խաչատրյանը: Խորհրդակցությունը նվիրված էր բերքահավաքին ընդառաջ հրդեհականխարգելիչ աշխատանքների պլանավորմանն ու անցկացմանը:
Նախարար Ժիրայր Միրզոյանը նշեց, որ գյուղոլորտի և, ընդհանրապես, Արցախի տնտեսության համար կարևորագույն՝ ամենամյա այս միջոցառումը պետք է անցկացվի հնարավորինս արդյունավետ: Հրդեհականխարգելիչ աշխատանքներն իրականացնելիս անհրաժեշտ է լինել առավել հետևողական՝ թույլ չտալու համար գյուղատնտեսական նշանակության տարածքներում և անտառապատ գոտիներում հրդեհներ:
Անասնաբուծության ոլորտի պատասխանատուներին Ժ. Միրզոյանը հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել անասնաբուծության ու մեղվաբուծության ոլորտներին՝ խուսափելու համար քիմիական պայքարի աշխատանքների արդյունքում հնարավոր վնասներից: Այս նպատակով կստեղծվեն հանձնաժողովներ, որոնց աշխատանքներին կներգրավվեն նաև հանրապետության շրջանների վարչակազմերի գյուղբաժինների ներկայացուցիչները:
Նախարարը ՍԱՊԾ պետին հանձնարարեց իրականացնել փորձագիտական ուսումնասիրություն՝ պարզելու համար, թե արձանագրվող հրդեհների ժամանակ ինչպիսի վնասներ են արձանագրվում բուսասանիտարիայի մասով:
Համապատասխան զեկույցներով հանդես եկան ԳՆ ԲՊԾ պետ Վալերի Խաչատրյանը, ԳՆ բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Արամ Բադալյանը, ԱԻՊԾ ներկայացուցիչ Մեխակ Արզումանյանը:
Խորհրդակցության վերջում Ժ. Միրզոյանն ընդգծեց, որ ինչպես անցած տարիներին, այս տարի ևս հրդեհված տարածքներին հասցված վնասների փոխհատուցում չի տրվելու: Նա նաև ներկաների ուշադրությունը հրավիրեց իրականացվելիք հակահրդեհային աշխատանքների լուսաբանման, տեղերում դրանց նշանակությունը պարզաբանելու անհրաժեշտության վրա: